Դոնի Ռոստովում հրդեհից տուժած քաղաքացիների կացարանից դուրս են բերել «նվիրաբերած» կահույքը՝ նահանգապետի այցից անմիջապես հետո (տեսանյութ)
Դոնի Ռոստովում հրդեհից տուժած քաղաքացիների ժամանակավոր կացարանից դուրս են բերել «նվիրաբերած» կահույքն ու տեխնիկան՝ նահանգապետի այցի ավարտից անմիջապես հետո, գրում է donday.ru կայքը:
Քաղաքի համար 5 դպրոցում տեղավորված բնակիչները, որոնք կորցրել են իրենց տներն օգոստոսի 21-ի խոշոր հրդեհի պատճառով, ականատեսն են եղել, թե ինչպես են Ռոստովի նահանգապետի այցից ժամեր առաջ իրենց ժամանակավոր կացարանի սենյակները լցվել նոր պլազմային հեռուստացույցներով և բազմոցներով, սակայն ուրախությունը երկար չի տևել:
Նահանգապետի հեռանալուց ու նկարահանումների ավարտից անմիջապես հետո նվերները նույն արագությամբ բեռնվել են մեքենաների մեջ ու ետ տարվել:
«Հենց լրատվամիջոցները հեռացան՝ կահույքը սկսեցին հավաքել օպերատիվ շտաբի աշխատակիցները»,-պատմել է 26-ամյա Ալեքսանդրը, ով նույնպես բնակվում է ժամանակավոր կացարանում:
Բացի այդ, մարդկանց ստիպել են նկարահանվել նահանգապետի հետ նախաճաշի սեղանի շուրջ՝ հակառակ նրանց կամքին:
«Մեզ ասացին՝ արագ նստեք սեղանի շուրջ, հիմա ուտելու եք: Ես ասացի, որ ոչ մի տեղ գնալ չեմ ուզում: Բայց ինձ, այնուամենայնիվ, ստիպեցին գնալ նախաճաշի: Ես գնահատում եմ, որ մեզ տրամադրել են կացարան ու սնունդ, բայց ինչի՞ համար է այս ցուցամոլությունը: Մարդկանց հետ դժբախտություն է պատահել, իսկ նրանք պետք է ստիպված ուտեն ու պատմեն, թե որքան լավ է ամեն ինչ», - լրագրողներին ասել է կացարանի բնակչուհիներից Նաստյան, ում տունը հրդեհի ժամանակ ամբողջությամբ այրվել է:
Ըստ ռոստովցիների՝ օպերատիվ շտաբի շենքում բնակության պայմաններն այնքան էլ լավը չեն: Սենյակներում շատ տոթ է, իսկ ճաշարաններում ու զուգարանում միշտ գարշահոտ է:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










