Սեֆիլյանի կինն ու երեխաները կարող են տեսակցել նրան, իսկ գործով ամբաստանյալ Սասունիկ Կիրակոսյանը կմնա կալանքի տակ

15:13 • 25.08.17

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք-ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի քրեական գործով դատական նիստը՝ դատավոր Տաթև Գրիգորյանի նախագահությամբ:

Այսօրվա նիստին ամբաստանյալ Սասունիկ Կիրակոսյանի պաշտպան Կարեն Հակոբյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու կամ խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ:

Փաստաբանը միջնորդությունը հիմնավորեց՝ ելնելով իր պաշտպանյալի առողջական վիճակից. «Նրա ստամոքսի մի մասը հեռացված է, խոց ունի: Առողջական խնդիրներն առաջացել են մարտական ճանապարհ անցնելուց հետո: 1992թ. նա ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին է մասնակցել, եղել է ՀՅԴ Բաղրամյանի շրջանի ջոկատի հրամանատարը, իսկ Շուշիի առանձնակի գումարտակի կազմում՝ գումարտակի հրամանատարի տեղակալն է եղել»:

Փաստաբանը մի շարք ապացույց հանդիսացող փաստաթղթեր ներկայացրեց դատարանին, որը վերաբերում էր իր պաշտպանյալի անցած ուղուն:

Մեղադրող կողմն առարկեց միջնորդությունը, իսկ դատարանը մերժեց այն:

Դրանից հետո ի նշան բողոքի դատարանի ունկնդիրների դահլիճում գտնվող քաղաքացիները լքեցին այն:

Բացի այդ, դատարանը քննության առավ ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի հանդեպ տեսակցությունների արգելքը վերացնելու միջնորդությունը: Դատարանը բավարարեց այն. ըստ այդ որոշման՝ Սեֆիլյանի կինն ու երկու զավակները կարող են տեսակցել նրան: Դատարանը համապատասխան գրությունը կուղարկի «Արմավիր» ՔԿՀ պետին:

Այսքանով քրեական գործի նախապատրաստական փուլն ավարտվեց և սկսվեց դատաքննությունը: