Սպան հայրենիքը պաշտպանելու քաղաքացիական պարտքը մասնագիտության վերափոխելու կարևոր քայլ է կատարում. Վիգեն Սարգսյան

13:50 • 25.08.17

Երբ սպան ընտրում է իր մասնագիտությունը, հայրենիքը պաշտպանելու քաղաքացիական պարտքը մասնագիտության վերափոխելու շատ կարևոր քայլ է կատարում: 

Այս մասին այսօր Սարդարապատում ռազմական հաստատությունների շրջանավարտներին հավաստագրեր տրամադրելու հանդիսավոր միջոցառմանը լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:  

«Կարծում եմ՝ մեր շրջանավարտների համար կազմակերպված այս միջոցառումները ցույց տվեցին, որ այդ մասնագիտությունն ընտրում են շատ արժանապատիվ, շատ պինդ, շատ հայրենասեր տղաներ և աղջիկներ, որոնք որոշել են իրենց ողջ կյանքը կապել հայրենիքին ծառայելու սրբազան գործի հետ»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ մենք՝ որպես հասարակություն, որպես պետություն պարտական ենք սպաներին: Նրանց ամենօրյա աշխատանքը, ծառայությունը մեր երկրի անդորրն ու խաղաղությունն են. «Այս օրերին, կարծում եմ, մեր ողջ ժողովուրդը համախմբված բարի ծառայություն, խաղաղ ծառայություն է մաղթում տղաներին: Իսկ ես՝ որպես պաշտպանության նախախար, իրենց մաղթել եմ հաղթական և հպարտ ծառայություն»: