Աղբի վերամշակման ժամանակից տեխնոլոգիաների օգտագործումը կարող է հանգեցնել աղբահանության սակագների բարձրացման. Արտաշես Բախշյան
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մշակվել է «Համայնքային թափոնների կառավարման մասին» օրենք: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ ՏԿԶՆ Տարածքային ներդրումային քաղաքականության և գործառնական ծրագրերի վարչության պետ Արտաշես Բախշյանը՝ հավելելով, որ միաժամանակ փոփոխություն կկատարվի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում: Նրա խոսքով՝ «Համայնքային թափոնների կառավարման մասին» օրենք հնարավորություն կընձեռնի հանրապետությունում կիրառել թափոնների կիրառման արդյունավետ, համակարգված ու միասնական քաղաքականություն:
«Մեր առաջնային խնդիրն է նվազեցնել մարդու առողջությանը վնաս հասցնող գործոնները, նպատակներից է նաև թափոնների հավաքման ու կառավարման պատշաճ կազմակերպումն իրականացնելը: Նպատակների մեջ ամենակարևորներից է՝ ամեն ինչ անել, որպեսզի պետությունից հնարավորինս քիչ ռեսուրսներ վերցնենք», - ասաց նա:
Բախշյանը շեշտեց, որ օրենքում միայն աղբահանության մասին չէ, քանի որ նպատակների մեջ ավելի գլոբալ խնդիր պետք է լուծվի՝ համակարգային մոտեցում թափոնների կառավարման հարցում: Նա տեղեկացրեց, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով կսահմանվեն շրջակայքի աղբոտման տուգանքներ:
«Շրջակա աղբոտումը մինչև 2 կգ համայնքային թափոնում առաջացնում է տուգանքի նշանակում 16 հազար դրամ: Նույն գործողությունը, կատարված բնակելի տնից կամ այլ շենքից՝ 20 հազար դրամ: Օրենքի անցումային դրույթներով նախատեսվում է իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմող, այնուհետև այդ գործողությունները քննող լիազորված աշխատակիցներ ունենալ, ինչպես նախարարության, ոստիկանության, այնպես էլ ՏԻՄ կողմից լիազորված»,- մանրամասնեց Բախշյանը:
Վերջինս, անդրադառնալով տուգանքների բարձր լինելու մասին քննադատություններին, ասաց, թե փորձել են դուրս չգալ վարչական իրավախախտումների օրենքով սահմանված 20-30 հազարի շրջանակից: Միևնույն ժամանակ շեշտեց, թե տուգանքները պետք է այնպիսին լինեն, որ մարդու գրպանին շոշափելի կորուստ տրվի: Հարցին՝ աղբի կարապատման համար կիրառվելո՞ւ է միջազգային փորձ, Արտաշես Բախշյանը պատասխանեց, թե օրենքի նպատակը նաև ռեսուրսների նկատմամբ վերաբերմունքն է , այսինքն՝ պետք է հնարավորինս մտածել վերաշրջանառման մասին:
«Սակայն մինչև այս նպատակին հասնելը մենք պետք է կատարենք օրենքի առաջին նպատակը՝ մարդու առողջությանը վնաս չհասցնելը: Այստեղ է, որ մենք ունենք մեծ բաց, ինչը պատրաստվում ենք փակել օրենքի շրջանակներում՝ դա աղբավայրերի կառավարումն է, իսկ մենք այսօր չունենք աղբավայրերի կառավարման որևէ դրական փորձ: Օրինակ ՝որոշ համայնքներում աղբահանությունը բավարար է, սակայն հավաքված աղբի տեղափոխումը՝ ոչ, քանի որ աղբաջրերը ներթափանցում են ստորգետնյա ջրեր, արտանետված գազը մթնոլորտ է գնում և այլն»,- ընդգծեց Արտաշես Բախշյանը:
Տարածքային ներդրումային քաղաքականության և գործառնական ծրագրերի վարչության պետն ասաց, թե ժամանակից տեխնոլոգիաների օգտագործումը կարող է հանգեցնել աղբահանության սակագների բարձրացման: Նա նշեց, թե իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ժամանակից տեխնոլոգիաներ կիրառող երկրներն ունեն աղբահանության բարձր սակագնին:
«Առանց այն էլ մենք հիմա ունենք աղբավայրերի կառավարման հետ կապված խնդիր, քանի որ եվրոպական կառավարման ստանդարտի դեպքում սակագնի բարձրացման ճնշում կա: Սակայն մենք հիմա փորձում ենք դա ճնշել, չեզոքացնել մի շարք կազմակերպչական գործընթացներով»,- շեշտեց Բախշյանը՝ հավելելով, որ այս պահին սակագնի բարձրացում չի սպասում:










