Բելգիայի իշխանությունները մանրամասներ են հրապարակել Բրյուսելում զինվորականների վրա հարձակված ահաբեկչի մասին

14:05 • 26.08.17

Բելգիական իշխանությունները մանրամասներ են հրապարակել նախօրեին երեկոյան Բրյուսելում զինվորականների վրա հարձակված ահաբեկչի ինքնության մասին:

Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան անհայտ անձը, «Ալլահու Աքբար» բացականչելով Բրյուսելի կենտրոնում, դանակով հարձակվել էր զինվորականների վրա և մարմնական վնասվածքներ հասցրել նրանց: Անվտանգության ուժերին հաջողվել էր տեղում վնասազերծել ահաբեկչին, նրա հարձակման հետևանքով տուժել է երկու զինվորական, որոնցից մեկը վնասվածք է ստացել դեմքի, մյուսը՝ ձեռքի շրջանում:

Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը, հարձակումն իրականացրած անձը ծնունդով Սոմալիից 30 տարեկան երիտասարդ է, որը բնակվում էր Բելգիայում 2004թ.-ից և տեղի քաղաքացիություն էր ստացել 2015թ.-ին:

Իրավապահները պատմել են, որ հարձակվողի մոտ հայտնաբերվել է հրազենի մուլյաժ և Ղուրանի երկու օրինակ: Դեպքից հետո ոստիկանությունը խուզարկումներ է անցկացրել նրա բնակության վայրում՝ Բրյուգգում: Գործողության արդյունքների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում: