Վատիկանի երկնքում կասկածելի անօդաչու սարք է նկատվել

13:37 • 26.08.17

Վատիկանի երկնքում չբացահայտված անօդաչու թռչող սարք է նկատվել։ Ոստիկանները ստուգում են սկսել և այն «որսալու» համար ուղղաթիռ օդ բարձրացրել, գրում է lenta.ru-ն՝ իտալական լրատվամիջոցներին հղումով:

Առայժմ անհայտ է մնում, թե ում է պատկանում անօդաչուն, քանի որ անվտանգության ուժերին չի հաջողվել գտնել անօդաչուի ո՛չ հեռակառավարման վահանակը, ո՛չ էլ այն անձին, ով կարող էր օդ բարձրացրած լինել այն:

Եվրոպայում վերջին ահաբեկչական ակտերից հետո Վատիկանի օդային տարածքում արգելված է թռիչքներ իրականացնել ՝անվտանգության նկատառումներով: Անօդաչուներ չեն կարող կիրառել նաև զբոսաշրջիկները: Միայն երբեմն դա թույլատրվում է ֆիլմերի նկարահանումների ժամանակ՝ հատուկ թույլտվությամբ:

Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նոր քարոզչական տեսանյութ է հրապարակել, որում ահաբեկիչները ոտքերով հարվածում են Հիսուսի արձանին, պատռում Հռոմի պապի լուսանկարները և խոստանում հայտնվել Հռոմում։