Ուզում եք ես էլ գնամ մի հատ ծխի առաջ նկարվեմ, ասեք՝ վայ, այս ինչ ակտիվ եք. Վ. Բոստանջյան

19:44 • 01.09.17

ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը չի կարծում, որ դաշինքը արձակուրդային շրջանում պասիվ է եղել, ի տարբերություն խորհրդարանական մյուս ուժերի: «Ակտիվություն չպետք է չափել տարբեր տեսակի նկարահանումներով և այլնով: Չեմ կարծում, որ դա մեր գործառույթների մեջ է մտնում: Ուզում եք ես էլ գնամ մի հատ ծխի առաջ նկարվեմ, ասեք՝ վայ այսինչ ակտիվ եք»,- նշեց նա: Պատգամավորը հայտնեց, որ «Ծառուկյան» դաշինքը «շինծու արտառոց դեպքերի» վերաբերյալ կարծիք չի հայտնում. «Պարզ է, բոլոր այն հարցերը, որոնց վերաբերյալ կլինեն մտահոգություններ՝ անկախ ոլորտներից, բնականաբար, կլինեն ելույթներ»,- ընդգծեց Վարդան Բոստանջյանը:


-Պարո՛ն Բոստանջյան, սեպտեմբերի 11-ին կայանալու է ԱԺ քառօրյա նիստ: «Ծառուկյան» դաշինքը նախապատրաստվո՞ւմ է դրան, ի՞նչ աշխատանքներ են տարվում:

-Այո, աշխատում ենք: Մեկ նիստ արել ենք, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կտրվածքով մեր օրակարգն արդեն ներկայացված է: Կարճ ասած՝ աշխատանքային մթնոլորտ է:

-«Ելքը» ԱԺ արձակուրդի ընթացքում շատ ակտիվ էր ի տարբերություն «Ծառուկյան» դաշինքի: Նրանք հայտարարում են, որ բազում օրինագծերով են հանդես գալու, քաղաքական օրակարգ են մտցնելու ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը: Չե՞ք կարծում, որ այս ընթացքում «Ծառուկյան» դաշինքն իրեն պասիվ պահեց:

-Ոչ, չեմ կարծում: Քաղաքական օրակարգում պետք չէ հարցեր բարձրացվեն, որոնք կապ չունեն մեր երկրի անվտանգության, հեռանկարի, շահերի հետ: Նրանց համար կարևոր չի այս խնդիրներին վերաբերում է իրենց առաջ քաշած օրակարգը, թե ոչ: «Ելքի» համար կարևորը պարզապես հարցեր բարձրացնելն է, որ մեդիադաշտը գրի՝ այս ինչ ակտիվ էին:

-Հայտնի՞ է ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ դաշինքի ներսում ինչ տրամադրություններ կան:

-Մենք դրա վերաբերյալ քննարկում պարզապես դեռ չենք արել: Անգամ հարցը օրակարգ քաշած «Ելք»-ի կողմից էլ դեռևս վերջնական դիրքորոշում չկա:

-Ամեն դեպքում, «Ծառուկյան» դաշինքը մեծությամբ երկրորդ քաղաքական ուժն է, համապետական ընտրություններին իր դիրքը նորից արձանագրեց, բայց իրեն, կարծես թե, երկրորդ քաղաքական ուժի պես չի պահում: Ակնհայտ է, որ և՛ հարցազրույցների, և՛ դիրքորոշումների պակաս կա: Բազմաթիվ հարցեր են եղել՝ հրդեհներ Խոսրովի արգելոցում, «Նաիրիտ» գործարանում, որոնց շուրջ քաղաքական հրապարակային արձագանք չի եղել ձեր դաշինքի կողմից:

-Ենթադրենք, մեր Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները Ձեր նշած հարցերի կապակցությամբ ի՞նչ արձագանք անեին: Ուզում եք ես էլ գնամ, մի հատ ծխի առաջ նկարվեմ, ասեք՝ վայ այսինչ ակտիվ եք: Եթե դուք այդպես եք ակտիվությունը գնահատում, սրանից հետո ես և իմ դաշինքի անդամները, ամենատարբեր տեղերում կնկարվենք, կձայնագրվենք և մեդիան բնականաբար կասի, որ շատ ակտիվ ենք:

-Իսկ դպրոցների օպտիմալացման հարցին ինչո՞ւ չեք անդրադառնում, դա էլ արդեն Ձեր հանձնաժողովի գործառույթների շրջանակում է:

-Ես առաջարկում եմ մեր լրատվական դաշտին, որ աստիճանաբար շինծու արտառոց դեպքերից անցնեն պետության շահերը հետապնդող հարցերի քննարկման: Ես ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն եմ, բայց ինչը՞ քննադատեմ, եթե մի դպրոցում երկու հոգի է սովորում և այդ դպրոցը ստեղծված է, հնարավորություններ ունի 100-ից ավելի ընդունելու համար: Ի՞նչ անենք այդ դպրոցը: Սխալ է չէ՞ հիմա այդ երկու հոգու համար այդ 100-ի ծախսեր իրականացնենք: Հիմա այս խնդրի լուծման համար քայլեր են կատարվում ու որոշ տեղեր կարող են ստեղծել փուչ մտահոգություն այս հարցի հետ կապված: Տպավորություն են ստեղծում, թե իրենք մտահոգ են:

-Նախկինում ԲՀԿ-ն շատ ակտիվ էր, Տիգրան Սարգսյանի օրոք ԲՀԿ-ականները քարը քարին չէին թողնում: Այն ժամանակ շատ վա՞տ էր, հիմա լա՞վ է:

-Ապրիլի 2-ից հետո մենք արել ենք ընդամենը մի քանի նիստ: Կխնդրեմ ժամանակ գտնեք և դոզան չափեք «Ծառուկյան» դաշինքի և ԲՀԿ գործունեության: Ակտիվություն չպետք է չափել տարբեր տեսակի նկարահանումներով և այլնով: Չեմ կարծում, որ դա մեր գործառույթների մեջ է մտնում:

-Իսկ սեպտեմբերից ելույթների տեսքով Ձեր ակտիվությունը տեսնելո՞ւ ենք:

-Մենք չենք ստեղծելու արհեստական ելույթներ: Պարզ է, որ բոլոր այն հարցերը, որոնց վերաբերյալ կլինեն մտահոգություններ՝ անկախ ոլորտներից, բնականաբար, կլինեն ելույթներ: