Հայաստանը հոգնել է ՌԴ-ին աղերսելուց և ոչ թե շանտաժի է դիմում, այլ իր անվտանգությունն է պաշտպանում՝ Չինաստանի հետ համագործակցության գնալով. Ստյոպա Սաֆարյան
«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հայ-չինական ռազմական համագործակցության հնարավորության վերաբերյալ Ռուսաստանից հնչող արձագանքներին, ասաց, որ Ռուսաստանը իրավունք չունի մեղադրել Հայաստանին՝ իր անվտանգությունը պաշտպանելու համար: «Ռուսաստանը քանիցս արդեն ռուբիկոնը հատել է`Հայաստանի հետ իր հարաբերությունները սեփական քայլերով թունավորելով և վտանգելով: Հայաստանը հոգնել է Ռուսաստանին աղերսելուց: Սա Հայաստանի տեսանկյունից ամենևին շանտաժ չէ Ռուսաստանին, այլ ստիպված քայլ, որը Մոսկվան է պարտադրել անել Երևանին»,-ասաց նա և նշեց, որ սա նաև մեսիջ է բոլորին, որ Հայաստանն ինքնուրույն քաղաքականություն է վարում:
-ՌԻԱ Նովոստին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի Չինաստան այցի հետ կապված հոդված էր հրապարակել, որով քննադատում և, կարծես, մեղադրում էր Հայաստանին՝ Չինաստանի հետ ռազմական ոլորտում համագործակցության հնարավորության համար: Թեև հոդվածն այնուհետև հեռացվել է, սակայն ըստ Ձեզ՝ արդյո՞ք սա խանդի դրսևորում է Ռուսաստանի կողմից և ինչ միտում ունեն այս գնահատականները:
-Ռուսաստանի մտահոգությունները շատ տեսանելի են, թեպետ Ռուսաստանն ինքը իրեն պետք է մեղադրի՝ Հայաստանի այսպիսի փորձերի և ցանկությունների համար: Ռուսաստանի համար զենքի վաճառքն ունի քաղաքական նշանակություն՝ հաշվի առնելով ռուսական ստանդարտներին ամբողջ համակարգի ինտեգրումը, զենքի տիրապետման ուսուցանումը, ինչպես նաև իրենց նպատակը՝ աշխարհաքաղաքական շահերի հավասարակշռումը, ինչի մասին հայտարարել է Ռակոզինը: Այսպիսով՝ սպառազինության վաճառքը հակամարտության կողմերին իրենց համար ունի նաև ռազմաքաղաքական նպատակ, որի միջոցով հավասարակշռում են որոշակի շահեր և, եթե ցանկանում են, խախտում են հավասարակշռությունը: Եթե Հայաստանը դուրս է գալիս այս շղթայից և նայում է հայացքով դեպի այլ երկրներ՝ սպառազինություններ ձեռք բերելու առումով, կարծեք թե ինքը խաթարում է ռուսական խաղաքարտերը և թուլացնում ռուսական այդ գործիքը: Բայց Հայաստանը պարտավոր և ստիպված է դա անել, քանի որ Ռուսաստանը քանիցս արդեն ռուբիկոնը հատել է` Հայաստանի հետ իր հարաբերությունները սեփական քայլերով թունավորելով և վտանգելով: Հետևաբար, Ռուսաստանն իրավունք չունի Հայաստանին մեղադրել այն բանում, որ Հայաստանը ցանկանում իրեն ավելի լավ պաշտպանել: Բացի այդ Ռուսաստանի կողմից զենքի վաճառքն ունի բիզնես ասպեկտ: Այս կտրվածքով պատահական չէ, որ հոդվածում նկատելի է նաև շուկայի համար կռիվը:
-Հայ-չինական ռազմական համագործակցության ռեալ հեռանկար տեսնու՞մ եք, թե՞ այս ամենը Ռուսաստանից ավելին ստանալու, շանտաժի դիմելու միտում ունի, ինչպես նշված էր հոդվածում:
- Հայաստանի քաղաքականության դիվերսիֆիկացման փորձերը ռազմաքաղաքական ոլորտում բացարձակապես Հայաստանի պաշտպանության համար են և ուղղված չեն Ռուսաստանի դեմ, ինչը պետք է հրաշալի հասկանա Ռուսաստանը: Եթե վերջինս ցանկանում է, որ Հայաստանն իրեն վտանգված չզգա, ապա պետք է փոխի իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: Երբ նրանք ստվերային խողովակներով ազդում կամ շանտաժի են ենթարկում Հայաստանին և դնում են վտանգված վիճակում, ապա իրավունք չունեն զարմանալու, որ Հայաստանը փորձում է իրեն պաշտպանել մի երկրից, որը խոսում է պատերազմ հայտարարելու մասին, ու չնայած այդ ամենին, Ռուսաստանը սպառազինություն է տրամադրում նրան: Ռուսաստանը պետք է ոչ թե անհանգստանա և շանտաժ գնահատի Հայաստանի քայլերը, այլ պետք է վերանայի իր քաղաքականությունը: Առաջին հերթին ինքը պետք է հրաժարվի այդ շանտաժի քաղաքականությունից: Հայաստանը հոգնել է Ռուսաստանին աղերսելուց: Եթե Հայաստանը կանգնում է պատերազմի շեմին, և իր ռազմավարական դաշնակիցը խոստացած 200 միլիոնի զենքը չի տրամադրում, ապա Ռուսաստանն իրավունք չունի Հայաստանին մեղադրել, որ փորձում է ավելի էժան գնով սպառազինություն ձեռք բերել այլ երկրներից: Սա Հայաստանի տեսանկյունից ամենևին շանտաժ չէ Ռուսաստանին, այլ ստիպված քայլ է, որը Մոսկվան է պարտադրել անել Երևանին`իր անհեռանկար ու անթույլատրելի քաղաքականությամբ: Հետևաբար, Հայաստանը չի կարող անընդհատ աղերսողի և մուրացիկի դերում լինել ու Ռուսաստանից խնդրել սկզբում վարկ, հետո այդ վարկի դիմաց սպառազինություններ և մի հատ էլ խնդրել, թե երբ է Ռուսաստանը բարեհաճելու տրամադրել դրանք: Այսպիսի բարեկամություն չի լինում, այսպիսի բիզնես էլ չի լինում:
-Բայց Հայաստանն ունի՞ հնարավորություններ՝ Ռուսաստանից դուրս զենքի շուկաներ փնտրելու, ի վերջո Ռուսաստանն ավելի շատ ճնշման լծակներ չի՞ կիրառի, որպեսզի Հայաստանին վերադարձնի իր դաշտ:
-Նախկինում մենք Չինաստանից որոշակի սպառազինություններ ձեռք ենք բերել և նման ագրեսիվ կեցվածք ՌԴ-ի կողմից տեսանելի չէր, սակայն հիմա քաղաքական և բիզնես-տնտեսական առումներով Հայաստանի նման գնորդին ՌԴ-ն կարևորում է: Այս կտրվածով Հայաստանը միայն պաշտպանության խնդիր չի լուծում, այլ սա ինքնիշխան քաղաքականություն վարելու հարց է: Ի վերջո, Ռուսաստանը Հայաստանի ինքնիշխանությունը կիսել է ռազմաքաղաքական մի շարք ոլորտներում, և անհասկանալի են Ռուսաստանի փորձագետների ագրեսիվ և անթույլատրելի գնահատականները:
-Վերջին շրջանում շատ է խոսվում Հայաստանի ինքնուրույնության, ինքնիշխանության անկման մասին։ Ըստ Ձեզ՝ այս քայլերով իշխանությունը արդյո՞ք ցույց է տալիս` թե՛ ներքին լսարանին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին, որ ամենևին Ռուսաստանի կամակատարը չէ:
-Կարծում եմ, որ կա նման ասպեկտ, չնայած որ առաջնահերթ Հայաստանն անհանգստացած է իր անվտանգության համար, անհանգստացած է այն փաստով, որ ինքն Ադրբեջանի, Թուրքիայի ռազմական ավանտյուրայի հարցում չի կարող ապավինել Ռուսաստանին: Իհարկե, սա նաև մեսիջ է բոլորին, որ Հայաստանն, այնուամենայնիվ, փորձում է ինքնուրույն քաղաքականություն վարել:
-Հայաստանի ռազմական համագործակցության միտումը տարբեր երկրների հետ արդյո՞ք դեպի հավասարակշռման է գնում։
-Վերջին գրեթե 20 տարիների ընթացքում մեր ինքնիշխանությանը վերաբերող այնքան շատ բան ենք զիջել, որ այժմ դա վերականգնելու և սեփական ռեսուրսները ձեռք բերելու անհրաժեշտություն ունենք: Հետևաբար, ինքնիշխանության վերականգման հարցն առանցքային, օրակարգային, արտահերթ հարց է, և այս առումով Հայաստանը այլ տարբերակ չունի, քան գնալ ուժային կենտրոնների հետ փոխշահավետ համագործակցությունը խորացնելու ճանապարհով: Այլընտրանքը սա է, և Հայաստանը պարտավոր է դա անել, ինչի նշաններ սկսել է ցույց տալ:










