Կարապետյանի կաբինետի գործունեությունը դրական ենք գնահատել. խոստացված 830 մլն դոլարի 45 տոկոսն արդեն իրականություն է. Է. Շարմազանով

22:41 • 14.09.17

Հանրապետական կուսակցությունը դրական է գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի մեկամյա գործունեությունը: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ ՀՀԿ ԳՄ նիստում ամփոփել են Կառավարության գործունեության մեկ տարին:

«Մեկամյա գործունեության ընթացքում Կարապետյանի կաբինետը՝ ՀՀԿ-ի և Դաշնակցական կոալիցիոն համագործակցությունը հստակ թվեր է ամրագրել: Այն, ինչ նախատեսել էին, իր հունով գնում է՝ 6 տոկոսից ավել տնտեսական ակտիվություն կա, ապրանքաշրջանառության աճ կա՝ հատկապես իրանական և ռուսական շուկայում տուրիզմի աճ և այլն»,- ասաց նա:

Շարմազանովի գնահատմամբ՝ Կառավարման 1 տարվա ցուցանիշները ցույց են տալիս,որ տնտեսությունը գնում է զարգացման դինամիկայով: Նա շեշտեց, որ այն ցուցանիշները, չափորոշիչները, որոնք ամրագրվել են պետական բյուջեի նախագծում, իրականացվելու են:

«Կարևոր է նաև, որ քաղաքական մեծամասնության կողմից պառլամենտական  ընտրությունների ժամանակ խոստացված 830 մլն դոլարի 45 տոկոսն արդեն իրականություն է: Այստեղ հաշվարկված չեն մասնավոր ներդրումները, որը Կառավարության գործառույթը չէ»,- շարունակեց Շարմազանովը՝ հավելելով, որ Կառավարությունը մեկ տարվա ընթացում ինտենսիվ աշխատել է:

 

 

ՀեղինակԱնի Օհանյան