Փակված ցուցահանդեսի մասին Մշակույթի նախարարության էջում տեղեկություն եղել է բացումից 1 շաբաթ առաջ. «Ելք»-ի անդամն Արմեն Ամիրյանին մեղադրում է ստելու համար
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանելով, թե ինչու են Թումանյանի թանգարանի նախաձեռնած՝ բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագիրը կրող ցուցահանդեսի փակել, ասել էր, որ պատճառը աշխատանքային ներքին կանոնակարգն է:
Ըստ նրա, որևէ ցուցադրություն թանգարանը պիտի համապատասխանեցնի նախարարության հետ, նախարարության ներկայացրած տարեկան սուբսիդիայի պայմաններում որևէ տեղ նշված չկա այս ցուցադրության մասին:
«Այո, մենք տեղյակ չենք եղել այդ ցուցադրության մասին, ես տեղեկացվել եմ կիսամյակին հաշվետվության ժամանակ՝ բացումից 1 շաբաթ հետո մոտավորապես: Խոսքը աշխատանքային փոխհարաբերություններին է վերաբերում»,-ասել էր նա:
Մինչդեռ «Ելք» խմբակցության Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ կամ նախարարն է ստում կամ, նախարարության այլ բարձրաստիճան պաշտոնյա:
Ավագանու անդամը նաև հրապարակել է նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում ցուցադրության վերաբերյալ հրապարակումը:
Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, գրել է . «Արմեն Ամիրյանն այսօր հայտարարել է, որ նախարարությունում չեն իմացել Թուխիկյանի կողմից Թումանյանի տուն-թանգարանում կազմակերպվելիք «Խավարում» ցուցադրության մասին, որը փակվել էր նախարարության կողմից: Ավելի ճիշտ ասել է, որ ցուցադրության մեկնարկից մի քանի օր կամ տասն օր հետո են իմացել: Բայց արի ու տես, որ կա՛մ Ամիրյանն է ստում, կա՛մ նախարարության այլ բարձրաստիճան պաշտոնյա, որովհետև նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում ցուցադրության վերաբերյալ հրապարակում է եղել: Ուշադրություն՝ ցուցադրությունից երեք օր առաջ»:
Իսկ նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղեկցվում է, որ օգոստոսի 4-ին, ժամը 11:00-ին Հովհ. Թումանյանի թանգարանի մուտքի բացօթյա տարածքում կբացվի «Խավարում» ցուցադրությունը: Ինստալացիան նվիրվում է ստալինյան բռնատիրության զոհերին: Հովհաննես Թումանյանի երեք որդիները նրանց շարքում են: 










