Չինաստանում սատկել է աշխարհի ամենածեր պանդան. նրա հոգեհանգստի արարողությունը հեռարձակվել է ուղիղ եթերով
Չինաստանի Ֆուցզյան նահանգի Ֆուչժոու քաղաքում սատկել է աշխարհի ամենածեր պանդան, այս մասին հայտնում է BBC News-ը:
Բասի անունով 37-ամյա պանդայի հոգեհանգստի արարողությունը հեռարձակվել է Չինաստանի պետական հեռուստաալիքի ուղիղ եթերով:
Մեծ պանդաների ուսումնասիրման կենտրոնի նախագահը նշել է, որ Բասին ընկերության խորհրդանիշն էր հայրենիքում, ինչպես նաև այլ երկրներում:
Բասին ծնվել է Չինաստանի կենտրոնական հատվածում՝ 1980-ականներին: Երբ նա 4 տարեկան էր՝ տեղի բնակիչներից մեկը փրկել է նրան գետի սառը ջրերի միջից, որտեղ նա թաքնվել էր բորենուց:
Սկզբում Բասիին տեղավորել են արգելոցի տարածքում, իսկ հետո նա տեղափոխվել է Մեծ պանդաների ուսումնասիրման կենտրոն: 1990թ.-ին նա հանդիսացել է Պեկինում անցկացվող Ասիական խաղերի խորհրդանիշը:
Պանդաների այս տեսակն անազատության մեջ սովորաբար ապրում է առավելագույնը 30 տարի:










