Ամերիկացի հետազոտողներն առողջության համար վտանգավոր են համարել սոցցանցերը
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Ռեջիս համալսարանի հետազոտողները բացահայտել են Facebook-ի բացասական ազդեցությունն օգտատերերի առողջության վրա: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Գիտնականների խոսքով՝ սոցցանցում «ընկերների» քանակն ուղիղ համեմատական է առողջության հետ կապված խնդիրների աճին, մասնավորապես, որքան էլ զարմանալի է, վերին շնչուղիների սուր վարակների դեպքերի ավելացմանը:
Ռիսկային գոտում հայտնվում են այն օգտատերերը, որոնք տագնապ են զգում սոցցանցն օգտագործելու ժամանակ: Հաճախ անհանգստության զգացողություն են առաջացնում չընթերցված հաղորդագրությունները, դրանց անտեսումը և «ընկերության» հայտերի մերժումը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հետազոտության ընթացքում գիտնականները հարցումներ են անցկացրել 89 ուսանողի շրջանում և վերլուծել նրանց առողջական վիճակը, ինչպես նաև՝ պահվածքը Facebook-ում: 10 շաբաթվա ընթացքում երիտասարդները գտնվել են մասնագետների հսկողության տակ, և վերջիններս հետևել են երիտասարդների մոտ շնչառական խնդիրների ցանկացած արտահայտության:
Հետազոտության հեղինակ Ջեյ Կամպիսիի խոսքով՝ եթե մարդը ցանկանում է բարելավել իր առողջական վիճակը և երջանիկ զգալ իրեն, ապա սմարթֆոնի էկրանին նայելը լավագույն միջոցը չէ:










