Սանկտ Պետերբուրգի առևտրի կենտրոններում տարհանում է իրականացվել՝ ռումբերի մասին ահազանգերի պատճառով. կասկածում են ԻՊ-ին
Սանկտ Պետերբուրգի իրավապահ մարմինները ինը հաղորդագրություն են ստացել տեղադրված պայթուցիկ սարքերի մասին: Այդ մասին հայտնում է «Фонтанка.ру»-ն:
Լրատվամիջոցի տվյալներով՝ հեռախոսային ահաբեկիչները հայտարարել են քաղաքի ինը առևտրի կենտրոնում տեղադրված պայթուցիկ սարքերի մասին:
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ բոլոր վայրերում իրականացվել է այցելուների և անձնակազմի տարհանում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայում պայթուցիկների մասին անանուն զանգերի պատճառով 16 դպրոց է տարհանվել:
Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը, Ռուսաստանում պայթուցիկների մասին ահազանգերի ալիքը նախաձեռնել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված և երկրի սահմաններից դուրս գտնվող անձինք: Տեղադրված պայթուցիկների մասին հաղորդագրություններից ոչ մեկը չի հաստատվել:
Գործակալության զրուցակիցը նշել է, որ զանգերի հետ կապված մարդկանց մասին տվյալները չեն հրապարակվում՝ քննության շահերից ելնելով:
Նշենք, որ նման զանգվածային զանգեր ՌԴ իրավապահ մարմինները շարունակում են ստանալ արդեն հինգ օր շարունակ՝ երկրի տարբեր քաղաքներում:










