Բուհերը որակի տեսանկյունից դեռ չեն արձագանքում ոչ ֆորմալ կամ մրցունակ կրթության հիմնախնդիրներին. Ռոբերտ Խաչատրյան

15:13 • 14.09.17

Մենք կենտրոնանում ենք միայն մեկ տարիքային խմբի վրա, կարող ենք լրացուցիչ և շարունակական կրթություն ստացող մարդկանց ներգրավել ուսումնառության գործընթացներում և ունենալ ուսանողների ներհոսք: Այս մասին ասաց Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի Որակի ապահովման կենտրոնի ղեկավար և կրթության կառավարման ամբիոնի վարիչ Ռոբերտ Խաչատրյանը «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկմանը:

Նա ասել է, որ իրենց բուհն այս տարի պլանավորած ծավալի ընդունելության 70 տոկոսը կատարել է: Ըստ նրա՝ միայն կենտրոնանում են առկա ուսուցմամբ ուսանողների ուղղությամբ, բայց բարձրագույն ուսումնական հաստատությունը սպասարկում է նաև հեռակա ուսուցմամբ ուսանողներին, ունի մագիստրատուրա: Ըստ նրա՝ տարիքային խմբերի տեսանկյունից պետք է ավելի ճկուն լինել:

«Չեմ կարծում, որ ռիսկային, կատաստրոֆիկ է դասախոսների ծանրաբեռնվածության հարցը: Յուրաքանչյուր բուհ ունի իր հաստիքային աշխատակազմը և ունի ոչ հաստիքային աշխատակազմ: Ուսանողների թվաքանակի նվազման պատճառով ոչ հաստիքային աշխատակազմը նվազում է: Պետք չէ ծայրահեղացնել, որ դասախոսներն աշխատանքը կկորցնեն և այլն: Ենթադրաբար ուսանողների թվաքանակի պատճառով ոչ հաստիքային աշխատակազմն իհարկե նվազում է: Հաստիքային աշխատակազմը սպասարկում է ամբողջ ծանրաբեռնվածության մինչև 75 տոկոսը»,-տեղեկացրեց Ռոբերտ Խաչատրյանը:

Ըստ նրա՝ բուհերը որակի տեսանկյունից դեռ չեն արձագանքում ոչ ֆորմալ կամ մրցունակ կրթության հիմնախնդիրներին, բայց պետք է հաշվի առնել, որ աշխատաշուկայի մասնագետ պատրաստելու հիմնախնդիրները դրված են բուհերի վրա:

ՀՀ ԿԳՆ աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն էլ իր խոսքում նշեց, որ եթե այս տարի ունենք ընդամենը 20 հազար շրջանավարտ, հաջորդ տարի ուղիղ կեսը կլինի՝ 10-11 հազար:

«Այսինքն՝ հաջորդ տարի պետք է սպասենք էլի պակաս թվով ընդունելություն: 2011թ. էլ շատ քիչ շրջանավարտներ ունեինք՝ պայմանավորված նույն փոփոխություններով: Այս իրավիճակը մեկ տարով չի պայմանավորված, բնականաբար, այն շարունակվելու է 4 տարի, ուսումնական հաստատություններն այս իրավիճակից տեղյակ են, բնականաբար, իրենց ռազմավարությունը, իրենց խորհուրդների կողմից կազմվող ծախսային նախահաշիվները կվերանայվեն»,-տեղեկացրեց Ռոբերտ Սուքիասյանը:

Նա նշեց, որ եթե բուհն ուղիղ աշխատելու է աշխատաշուկայի հետ և միայն մասնագետներով բավարարելու է տվյալ որոտի ուղղությունը, ապա, նրա կարծիքով, ունենալու ենք սահմանափակ մասնագիտություններ:

«Այստեղ հարցը հետևյալն է՝ ինչպիսի քաղաքականություն ենք վարում: Ընդհանուր առմամբ՝ աշխատաշուկայի պահանջները փոփոխվում են»,-ասաց նա։

Ըստ նրա՝ շուկայի պահանջը մեծանում է, մենք պահանջ ենք ունենում ոչ թե միջին մասնագիտական կրթություն ստացած մասնագետի կամ հանրակրթական հաստատություն ավարտած շրջանավարտների, այլ շուկայի պահանջներն այսօր այնքան են բարձրացել, որ արդեն բարձրագույն կրթության վրա են շեշտադրվում պահանջները:

«Մեր նպատակը նաև տնտեսության համար գերակա ուղղությունները համալրելն է, դրան զուգահեռ նաև ընդլայնել քաղաքացու բարձրագույն կրթություն ստանալու պահանջը բավարարելու հնարավորությունը»,-ասաց Ռոբերտ Սուքիասյանը: