Վերնիսաժում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել (թարմացված, լուսանկարներ, տեսանյութ)
17.32
Վերնիսաժում այսօր տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով։
Քրեական գործով նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Ստեղծվել է քննչական խումբ։
Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ Facebook կայքի իր էջում։
17.20
Վերնիսաժի հարևանությամբ, Թուֆենկյան հյուրանոցի մոտ հրաձգության արդյունքում վիրավորում ստացած Վահագն Աբգարյանին այս պահին վիրահատում են. «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը։
Նրա խոսքով՝ վիրահատությունը կավարտվի մեկ ժամից: «Վիրավորը կրծքավանդակի աջ կողմում և նախաբազկային հատվածում վնասվածք է ստացել»,-ասաց նա:
17.13
Վերնիսաժում կրակոցների հետևանքով վիրավորվածը Ալավերդիում քրեական հեղինակություն, 1978 թվականին ծնված Վահագն Աբգարյանն է, ով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Նրա նկատմամբ 2015-ին մահափորձ է իրականացվել։
14.45
Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ Վերնիսաժում սպանվածի ինքնությունը պարզվել է:
«Ոստիկանության ծառայողները պարզել են սպանվածի ինքնությունը։ Նա 1974 թվականին ծնված Գ.Մ-ն է, ով Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ էր»,-ասաց նա։
ՀՀ ոստիկանության հասարակայնության ու լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ նշեց, որ կա 1 զոհ և 1 վիրավոր, երկուսն էլ Լոռու մարզից են։
14.37
Վերնիսաժի տարածքում՝ որտեղ կրակոցներ են հնչել, ոստիկանությունը շղթա է կազմել։ Դեպքի վայրում են Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանը։
Իրավապահ մարմինների ներկայացուցիչներն իրականացնում են համապատասխան միջոցառումներ։ Դեպքի վայրում հայտնաբերվել է մեկ ատրճանակ և մեկ ինքնաձիգ։
14.03
Երևանում՝ Վերնիսաժի հարևանությամբ գտնվող «Խարբերդ» ռեստորանային համալիրի մոտ հնչել են կրակոցներ։
Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունը կրակոցների մասին ահազանգ ստացել է։
«Ահազանգ ստացվել է։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներն այս պահին դեպքի վայրում են, կատարվում են համապատասխան աշխատանքներ հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-ասաց Ջանոյանը։ 





















