Կարեն Կարապետյանի կառավարությունը մի շարք նախաձեռնություններ է իրականացրել, բայց անհրաժեշտ է գտնել նաև այլ հնարավորություններ. ԵՄ դեսպան
Պետությունները մրցակցում են իրար հետ ներդրումներ ներգրավելու համար, և միայն շատ ակտիվ մասնակցության և քաղաքականության միջոցով կարելի է ավելի շատ եվրոպական ներդրումներ բերել Հայաստան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Մենք խրախուսում ենք հայկական կառավարությանը լինել ավելի ակտիվ՝ օտարերկրյա կապիտալը ներգրավելու գործում: Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը մի շարք նախաձեռնություններ է իրականացրել՝ բիզնես-միջավայրը բարելավելու համար։ Դա վերաբերում է նաև մաքսային և հարկային մարմիններին»,– ասել է նա։
«Եվրոպական շատ բիզնես-ընկերություններից դրական կարծիքներ եմ լսում, սա ճիշտ ուղղություն է, բայց նաև անհրաժեշտ է գտնել այլ հնարավորություններ։ Կարծում եմ` միջոցառումները, որոնք ուղղված են պետաիրավական համակարգի անկախությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, շատ կարևոր են»,- ավելացրել է Պյոտր Սվիտալսկին՝ վստահեցնելով, որ Եվրամիությունը կայուն դիրքորոշում ունի Հայաստանի հետ համագործակցության հարցում:










