Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը կարող է շուտով ստորագրվել. Մայա Կոսիանչիչ

10:08 • 15.09.17

Հայաստանն ու Եվրամիությունը ունեն լուրջ ընդհանուր շահեր, «Ամերիկայի Ձայն»-ի հետ հեռախոսազրույցում այս մասին ասել է Եվրոպական Հանձնաժողովի՝ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով խոսնակ Մայա Կոսիանչիչը։

«Հայաստանի հետ մենք կիսում ենք ընդհանուր արժեքներ։ Մենք հավատարիմ ենք ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, օրենքի գերիշխանությանը: Այս արժեքները գտնվում են նոր համաձայնագրի և մեր համագործակցության հիմքում»,– ասել է նա: 

Եվրամիության և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների ամբողջ փաթեթը տեղ է գտել Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրում, որը կողմերը կարող են ստորագրել արդեն մոտ ապագայում:

Եվրամիության ներկայացուցչի խոսքով, մասնավորապես, նոր համաձայնագիրը Հայաստանի հետ սերտ համագործակցության հիմք է ստեղծում մի շարք ոլորտներում, այդ թվում էներգետիկ, տրանսպորտի, շրջակա միջավայրի, առևտրի և ներդրումների ընդլայնման հեռանկարներ: Համաձայնագիրը կբացի նաև համագործակցության նոր դռներ հայ արտադրողների համար։

«Ինչպես գիտեք, Եվրամիությունն արդեն իսկ Հայաստանի առևտրային հիմնական գործընկերն է՝ Հայաստանի առևտրաշրջանառության 26 տոկոսը ԵՄ-ի հետ է: Հավատացած ենք, որ առևտրի ոլորտում այս համագործակցությունը նույնպես կընդլայնվի։ Հայ արտադրողները նոր արտոնություններ կստանան Հայաստանում արտադրված ապրանքները Եվրամիություն ներկրելու համար»,– ասել է նա: