«Իրմա» փոթորիկն ամբողջությամբ ավերել է Բարբուդա կղզին՝ անմարդաբնակ դարձնելով այն (լուսանկարներ, տեսանյութ)
Ատլանտյան օվկիանոսում ձևավորված ամենահզոր փոթորիկը՝ «Իրման», դեպի ԱՄՆ շարժվելու ճանապարհին ամբողջությամբ ավերել է Անտիգուա և Բարբուդա պետության կղզիներից մեկը՝ Բարբուդա կղզին: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ մեջբերելով Անտիգուա և Բարբուդա պետությունում ԱՄՆ դեսպան Ռոնալդ Սանդերսի խոսքը:
«300 տարվա մեջ առաջին անգամ Բարբուդայում ոչ մի բնակիչ չի մնացել: Մի ամբողջ քաղաքակրթություն է անհետացել: Բարբուդա կղզու 1.800 բնակիչ տարհանվել է հարևան Անտիգուա: Դրանից բացի, ավերվել է կղզու շինությունների 95 տոկոսը: Այժմ Բարբուդան ամբողջությամբ լքված է», - ասել է դեսպանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Բարբուդայից տարհանված մարդիկ այժմ տեղավորվել են Անտիգուա կղզու կառավարական շինություններում և ծերանոցներում:
«Հուսով ենք՝ միջազգային հանրությունն օգնության կհասնի մեզ, ոչ թե որովհետև մենք մեր ուզած բանն ենք խնդրում, այլ որովհետև խնդրում ենք այն, ինչի կարիքն ունենք», - ասել է Սանդերսը:
Հիշեցնենք, որ օրերս տարերային աղետը հիմնովին ավերել է Կարիբյան ծովի Սեն Մարտեն կղզու՝ աշխարհում ամենավտանգավորը համարվող Արքայադուստր Ջուլիանայի անվան միջազգային օդանավակայանը:
















