Ճապոնիան պահանջում է անհապաղ ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ հրավիրել՝ Հս. Կորեայի արձակած հրթիռի կապակցությամբ
Ճապոնիան կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին արտակարգ նիստ հրավիրել ԿԺԴՀ-ի արձակած բալիստիկ հրթիռից հետո: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն:
«Ճապոնիան կոչ է անում անհապաղ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին, համաշխարհային հանրությունը պետք է միասնական լինի և հստակ ազդակ հաղորդի ԿԺԴՀ-ի վտանգավոր սադրանքներին ու խաղաղության խաթարմանը ողջ աշխարհում», - ասել է վարչապետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հյուսիսային Կորեան հերթական բալիստիկ հրթիռն է արձակել, որը թռել է Ճապոնական Հոկայդո կղզու վրայով դեպի Խաղաղ օվկիանոս: Հրթիռի մեկնարկի կապակցությամբ Ճապոնիայի հյուսիս-արևելքում գտնվող բնակիչներին կոչ են արել թաքնվել ամուր շենքերում և նկուղներում: Բացի այդ, նրանցից պահանջվում է զեկուցել ոստիկանությանը`հրթիռի բեկորների հնարավոր անկման մասին:
Սա արդեն վեցերորդ անգամն է, որ ԿԺԴՀ-ն Ճապոնիայի տարածքի վրայով հրթիռ է արձակել: Այն թռել է տեղական ժամանակով ժամը 06:57-ին (Երևանի ժամանակով 01:57): Յոթ րոպե անց այն հասել է Ճապոնիայի օդային տարածք, իսկ տեղական ժամանակով 07: 16-ին արդեն ընկել է ջրի մեջ:










