Ադրբեջանը դեռևս 1988-ին է ահաբեկչություն սկսել հայերի նկատմամբ Սումգայիթում, Բաքվում և Ղարաբաղում. Լապշինը նոր գրառում է կատարել բանտից ազատվելուց հետո
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը նոր բացահայտումներ է կատարել Բաքվի բանտից ազատ արձակվելուց հետո՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության շուրջ իր մտորումներին:
«Ամաչում եմ խոստովանել, որ ադրբեջանական բանտում հայտնվելուց առաջ անկեղծորեն կարծում էի, որ ղարաբաղյան հակամարտությունը շատ հակասական է և պետք է լուծվի՝ հաշվի առնելով Ադրբեջանի պետական սահմանները: Որքան հիմար էի: Ադրբեջանը դեռևս 1988-ին է ահաբեկչություն սկսել հայերի նկատմամբ Սումգայիթում, Բաքվում և Ղարաբաղում»- գրել է Լապշինը:
Նա հիշատակել է նաև իրեն ներկայացված մեղադրանքը, որում Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալը նշել էր, որ «մեղադրյալ Լապշինը Ղարաբաղյան օկուպացված շրջանն անվանել է Արցախ, ինչն ապացուցում է նրա անջատողական գործողությունները»:
«Հատկանշական է, որ առավոտից երեկո հանդուրժողականության մասին խոսող Ադրբեջանը Ղարաբաղի Արցախ հայկական անվանումն անօրինական է համարում: Այսինքն, հայոց լեզուն օրենքից դուրս է, հայերին իրենց մայրենի լեզվով խոսել չի թույլատրվում, սեփական հավատն ունենալ նույնպես չի կարելի», - գրում է բլոգերը՝ մեջբերելով ադրբեջանցի քննիչի խոսքը. «հայերի ցեղասպանությունը մտացածին է, եթե թուրքերը կոտորած լինեին նրանց, մենք ավելի քիչ խնդիրներ կունենայինք»:
«Հայեր, դիմացե՛ք: Այդ մարդիկ պարզապես ցանկանում են ձեզ մեռած տեսնել և վերջ: Եվ եթե դուք բանակցությունների արդյունքում կամ Հայաստանի դիրքերի թուլացման պարագայում կորցնեք Ղարաբաղը, իմացեք, որ նրանք կգան ձեզ կոտորելու, ինչպես թուրքերը 100 տարի առաջ: Գազանությունն արդեն անցել է բոլոր թույլատրելի սահմանները», - եզրափակում է Լապշինը:
Նշենք, որ այսօր ավելի աղ նա առաջին անգամ գրառում էր կատարել՝ պատմելով Բաքվի բանտում իր հետ տեղի ունեցած սարսափելի իրադարձության հետ:










