Ինչպես էին ինձ սպանում Բաքվի բանտում և ինչպես հաղթահարեցի ադրբեջանական դժոխքը. Լապշինը բացահայտում է իր դեմ իրականացված մահափորձը

19:41 • 15.09.17

Օրեր առաջ ադրբեջանական բանտից ազատ արձակված բլոգեր Ալեքսանդր Լապշինն այսօր առաջին գրառումն է կատարել իր բլոգում ձերբակալությունից հետո՝ խոսելով «ադրբեջանական դժոխքի» մասին:

«Կտրականապես հերքում են ադրբեջանական պաշտոնական սուտը, իբրև թե իմ ինքնասպանության փորձի մասին սեպտեմբերի 10-ին Բաքվի բանտում: Նախագահ Ալիևը, ադրբեջանական ԶԼՄ-ների վարկածով, իբր մարդասիրություն է դրսևորել և որոշել է համաներում շնորհել ինքնասպանություն փորձ անողին», - գրել է բլորգերը՝ բացահայտելով, թե իրականում ինչ է եղել սեպտեմբերի 10-ի գիշերը:

Նրա խոսքով՝ ինքն արդեն քնած էր իր բանտախցում, երբ մի քանի հոգի հանկարծակի ներխուժել են բանտախուցը, բռնել նրա ձեռքերն ու բռունցքներ հարվածներ տեղացել: «Այլևս ոչինչ չեմ հիշում, հաջորդն, ինչ հիշում եմ արդեն Բաքվի կենտրոնական հիվանդանոցի վերկենդանացման բաժանմունքում էր, որտեղ պառկած էի սարքավորումներին միացված և թթվածնի դիմակով: Նրանք կոտրել էին նաև երկու ատամ, իսկ մեջքս ամբողջությամբ կապտուկներով է պատված», - մանրամասնել է բլոգերը:

Լապշինի կարծիքով՝ իր դեմ մահափորձ կատարողների նպատակն Ադրբեջանում Ալիևի իշխանության վարկաբեկումն է. «Իմ մահը Բաքվի բանտում ձեռնտու կլիներ Ալիևի շրջապատի մի շարք անձանց համար, ովքեր կարծում են, որ նրա հանգստի գնալու ժամանակն է»:

Լապշինը նշել է, որ նախօրեին իսրայելական հիվանդանոցում անցած բուժզննումը հաստատել է մարմնի վրա բռնության և խեղդամահ անելու փորձի հետքերի առկայությունը:

Բլորգերը նաև շնորհակալություն է հայտնել մարդկանց, ում շնորհիվ «հաղթահարել է ադրբեջանական մղձավանջը» և ովքեր 7 ամսվա ձերբակալության ընթացքում այցելել են իրեն և աջակցել: Այդ մարդկանց թվում իր ընտանիքի անդամներից բացի նա նշել է ռուսական դեսպանության աշխատակիցներին, իսրայելցի պատգամավորին և իր փաստաբաններին, ինչպես նաև Կարմիր խաչին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին՝ 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Նրան ազատ են արձակել սեպտեմբերի 12-ին: