Լոնդոնի մետրոյի ուղևորները տուժել են պայթյունից հետո առաջացած հրմշտոցից, մեկ այլ միջադեպ է տեղի ունեցել նաև Փարիզի մետրոյում (լուսանկարներ)
Լոնդոնի «Փարսոնս Գրին» մետրոկայարանում տեղի ունեցած պայթյունից հետո ուղևորների մի մասը տուժել է սկսված հրմշտոցի հետևանքով, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսների:
Հաղորդվում է, որ դեպքի վայր են ժամանել ոստիկանության զինված աշխատակիցները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Լոնդոնի մետրոյում պայթյուն է տեղի ունեցել, որոշ ուղևորներ դեմքի շրջանում այրվածքներ են ստացել։
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ ուրբաթ վաղ առավոտյան միջադեպ է տեղի ունեցել Փարիզի «Շատելյե» կայարանում, որտեղ դանակով զինված տղամարդը հետևից մոտեցել է զինվորականի և սկսել սպառնալ նրան՝ հիշատակելով ԻՊ-ը: Հարձակվողը ձերբակալվել է, միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Փարիզի հակաահաբեկչական դատախազությունն ուրբաթ քննություն է սկսել մայրաքաղաքի մետրոյում զինվորականի վրա հարձակման գործով:
























