Հարավային Կորեայի նախագահը սպառնացել է ոչնչացնել Հյուսիսային Կորեան

10:08 • 15.09.17

Հարավային Կորեայի նախագահը սպառնացել է ոչնչացնել Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությանը, գրում է Известия-ն:

Հարավկորեացի առաջնորդ Մուն Չժե Ինը Սեուլում տեղի ունեցած ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի հետ հետագա բանակցություններն անհնարին է համարում, և սպառնացել է ամբողջովին ոչնչացնել հյուսիսային հարևանին:

Մուն Չժե Ինը նշել է, որ այն դեպքում, եթե Հյուսիսային Կորեան սադրիչ քայլեր ձեռնարկի իրենց կամ իրենց դաշնակից ԱՄՆ-ի դեմ, իրենք ունեն բոլոր հնարավոր միջոցները «ոչնչացնելու Հյուսիսն այնպես, որ նա երբեք ուշքի չգա»:


Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան ուրբաթ հերթական բալիստիկ հրթիռն է արձակել, որը թռել է Ճապոնական Հոկայդո կղզու վրայով դեպի Խաղաղ օվկիանոս:


Սա արդեն վեցերորդ անգամն է, որ ԿԺԴՀ-ն Ճապոնիայի տարածքի վրայով հրթիռ է արձակել: Այն թռել է տեղական ժամանակով ժամը 06:57-ին (Երևանի ժամանակով 01:57): Յոթ րոպե անց այն հասել է Ճապոնիայի օդային տարածք, իսկ տեղական ժամանակով 07:16-ին արդեն ընկել է ջուրը:


Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները սեպտեմբերի 3-ին պաշտոնապես հայտարարել են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար նախատեսված ջրածնային ռումբի բարեհաջող փորձարկման մասին: Հզոր միջուկային փորձարկման հրամանը տվել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Հարավային Կորեայի պաշտպանական կոմիտեի փոխանցմամբ՝ պայթյունի ուժգնությունը եղել է 100 կիլոտոննա, ինչը բավական է մի ամբողջ քաղաք վերացնելու համար:

Վերջին մի քանի ամսվա ընթացքում Կորեական թերակղզու շուրջ ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել: Արևմուտքը Փհենյանից պահանջում է վերջ տալ միջուկային փորձարկումներին ու դադարեցնել միջուկային ծրագրի զարգացումը՝ սպառնալով հակառակ դեպքում ռազմական միջամտության դիմել: Մինչդեռ պաշտոնական Փհենյանն անտեսում է կոչերն ու իր հերթին սպառնում միջուկային զենքով ջախջախիչ հարված հասցնել ԱՄՆ-ին: