ՌԴ-ում խուզարկումներ են անցկացվում ադրբեջանցի գործարար Թելման Իսմաիլովին պատկանող հասցեներում, ենթադրաբար՝ սպանության գործի շրջանակում
ՌԴ իրավապահ մարմինները խուզարկումներ են անցկացնում երկրի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ ադրբեջանցի գործարար Թելման Իսմաիլովին պատկանող 12 հասցեներում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին:
«Թելման Իսմաիլովին պատկանող մոտ 12 հասցեներում խուզարկումներ են ընթանում, ես նրա հետ խոսել եմ հեռախոսով: Ներգրավված են տասնյակ անձինք: Բան են փնտրում, որը չեն կարողանում գտնել»,- ասել է Դոբրովինսկին:
Փաստաբանը նշել է, որ տեղյակ չէ այդ գործողությունների պատճառների մասին:
Ինչպես lenta.ru-ին հայտնել է քննչական մարմիններում բարձրաստիճան աղբյուրը, խուզարկումներն անց են կացվում երկու մարդու սպանության հետաքննության շրջանակում:
Նա հստակեցրել է, որ խոսքը 2016 թվականի մայիսին Մերձմոսկովյան շրջանում մի քանի առևտրային համալիրների սեփականատեր Վլադիմիր Սավկինի և «Լյուբլինո-Մոտորս»-ի հիմնադիր Յուրի Բրիլյովի սպանության մասին է: Նրանց մարմինները հայտնաբերվել էին մայիսի 16-ին, Toyota Land Cruiser 200 ավտոմեքենայի սրահում:
Քննության ընթացքում ձերբակալվել է Թելման Իսմաիլովի հարազատ եղբայրը՝ Ռաֆիկը: Նա գտնվում է կալանքի տակ, նրան ներկայացվել է երկու և ավելի անձանց սպանության մեղադրանք:
Lenta.ru-ի աղբյուրի տվյալներով՝ Իսմաիլովը երկար ժամանակ է՝ գտնվում է արտասահմանում:










