Ուկրաինացին լողալով անցել է Դանուբը՝ Ռումինիայում աշխատանք գտնելու նպատակով

17:20 • 15.09.17

Ռումինիայի սահմանապահները ձերբակալել են Ուկրաինայի քաղաքացու, որը լողալով անցել է Դանուբ գետը՝ հայտնվելով ուկրաինական Իզմաիլ քաղաքին սահմանամերձ ռումինական Տուլչա վարչաշրջանում: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Ռումինիայի առափնյա անվտանգության ծառայությանը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 29-ամյա ուկրաինացին ձերբակալվել է սեպտեմբերի 14-ին. նա քայլելիս է եղել գետի ափով:

Իրավախախտը հայտնել է սահմանապահներին, որ լողալով անցել է Դանուբը՝ հագուստը տեղափոխելով տոպրակի մեջ: Տղամարդու խոսքով՝ ինքը ցանկացել է աշխատանք գտնել Ռումինիայում:

Նշվում է, որ տղամարդուն հանձնել են Ուկրաինայի իշխանություններին՝ սահմանն ապօրինի հատելու գործը քննելու նպատակով: