Դեր Զորում ԻՊ-ի ահաբեկիչների մի խումբ հանձնվել է սիրիական բանակին. լրատվամիջոցներ

14:34 • 16.09.17

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների մի խումբ կամավոր կերպով հանձնվել է սիրիական բանակին, այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով աղբյուրի:

Թե ինչ պայմաններում են հանձնվել ահաբեկիչները՝ հայտնի չէ:

Նախօրեին Սիրիայի բանակին հաջողվել է մտնել Ալ Մուրիա բնակավայր, ինչպես նաև ԻՊ-ականներից ազատագրել Սարդա և Քարրում լեռնային զանգվածները:

Ներկա դրությամբ ահաբեկիչները հետ են շպրտվել Դեր Զոր քաղաքից 5-7 կմ դեպի արևելք։

Այժմ սիրիական բանակի ու ԻՊ-ի միջև դաժան մարտեր են ընթանում հատկապես Ջաֆրա շրջանում՝ Դեր Զոր քաղաքի ծայրամասում, որտեղից սիրիական բանակը ջանում է ճանապարհ բացել դեպի Եփրատ:

Օրեր առաջ սիրիական բանակի ուժերը երկրորդ հաջող գրոհից հետո կարողացել են միավորվել բանակի՝ դեռևս սեպտեմբերի 5-ին Դեր Զոր քաղաք ներթափանցած զորախմբին, որոնց հետ հանդիպել են քաղաքի հարավային դարպասների մոտ:

Դեր Զորը համարվում է ԻՊ-ի վերջին խոշոր հենակետը Սիրիայում: Դեպի Դեր Զոր մարդասիրական օգնություն է հասցվում բացառապես օդային ճանապարհով, քանի որ ցամաքային բոլոր ճանապարհները շրջափակված են ահաբեկչական օղակով: 

Նշենք, որ Եփրատ գետի աջ ափին ընկած Դեր Զորը նաև համանուն Դեր Զոր մարզի վարչական կենտրոնն է, որը սիրիացիները հաճախ կոչում են «Անապատի մարգարիտ»: