Լոնդոնի ահաբեկչության գործով 18-ամյա կասկածյալ է ձերբակալվել

15:02 • 16.09.17

Մեծ Բրիտանիայի Քենթ կոմսության Դուվր քաղաքում ոստիկանությունը Լոնդոնի ահաբեկչության գործով 18-ամյա կասկածյալի է ձերբակալել, այս մասին գրում է ТАСС գործակալությունը: 

Բրիտանական ոստիկանության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ լոնդոնյան մետրոկայարանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման գործով զբաղվող խուզարկուները ձերբակալել են 18-ամյա տղամարդու, որը մոտ ժամանակներս կտեղափոխվի Լոնդոն:

Հիշեցնենք, որ նախօրեին Լոնդոնի մետրոյում պայթյուն է տեղի ունեցել, որոշ ուղևորներ դեմքի շրջանում այրվածքներ են ստացել։ 

Լոնդոնի «Փարսոնս Գրին» մետրոկայարանում տեղի ունեցած պայթյունից հետո ուղևորների մի մասն էլ տուժել է սկսված հրմշտոցի հետևանքով: Վերջին տվյալներով՝ տուժել է 30 մարդ։ Ահաբեկչությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին Լոնդոնի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հանդես է եկել հայտարարությամբ ու կոչ արել համախմբվել ահաբեկչության դեմ պայքարում: