Հայաստանի և Լիտվայի միջև ապակենտրոնացված համագործակցության հեռանկարներն են քննարկել դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Շյաուլյայի քաղաքապետը

18:34 • 16.09.17

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն այցելել է Լիտվայի մեծությամբ չորրորդ քաղաքը՝  Շյաուլյայ, որտեղ նա հանդիպում է ունեցել քաղաքապետ Արթուրաս Վիսոցկասի հետ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լիտվայի միջև ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները,  փորձի փոխանակման հնարավորությունը՝ տնտեսության զարգացման, զբոսաշրջության աճի ապահովման, առևտրային և մշակութային կապերի հաստատման, ծառայությունների մատուցման և այլ բնագավառներում։

Ապակենտրոնացված համագործակցության զարգացման առումով զրուցակիցներն անդրադարձել են փոխադարձ այցերի կազմակերպման անհրաժեշտությանը՝ ընդգծելով պատվիրակության կազմում նաև գործարար ոլորտի ներկայացուցիչների ներգրավելու կարևորությունը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Շյաուլյայի հայ համայնքի ղեկավար Ռաֆիկ Կազարյանը:

Նույն օրը դեսպան Մկրտչյանն այցելել է Շյաուլյայ շրջանի Պովիլո Վիշինսկիոյի անվան հանրային գրադարան, որտեղ գրադարանի տնօրեն Բրոնիուս Մասկուլիունասի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների գրադարանների միջև համագործակցության հեռանկարները: Գրադարանի՝ հայ գրականությանը հատկացվել է բաժինը համալրվեց ՀՀ դեսպանության նվիրաբերած գրքերով:

Դեսպան Մկրտչյանը հանդիպել է նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ: