Հս. Կորեայի վերջնական նպատակն ԱՄՆ-ի հետ ռազմական պարիտետի ձեռքբերումն է. Կիմ Չեն Ըն (լուսանկարներ)
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը, որը սեպտեմբերի 15-ին անձամբ է ղեկավարել ճապոնական Հոկայդո կղզու վրայով անցած ու Խաղաղ օվկիանոսն ընկած «Հվասոն-12» բալիստիկ հրթիռի արձակման գործընթացը, հայտարարել է, որ Փհենյանի վերջնական նպատակը Միացյալ Նահանգների հետ ուժերի ռազմական պարիտետի ձեռքբերումն է:
Ինչպես նշում է tass.ru-ն, Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության տարածած հայտարարությունում մեջբերվում է Կիմ Չեն Ընի խոսքը, համաձայն որի՝ վերջին արձակմամբ իրենք ստուգել են գործողության միջին և երկար շառավղով բալիստիկ հրթիռի ռազմավարական մարտունակությունը:
«Մեր վերջնական նպատակն ԱՄՆ-ի հետ ուժերի իրական պարիտետի ձեռքբերումն է»,-ասել է հյուսիսկորեացի ղեկավարը՝ ընդգծելով, որ ինժեներներն ու գիտնականները պետք է աշխատեն երկրի հրթիռային ոլորտի հետագա արդիականացման ուղղությամբ:
Նա նկատել է, որ Հյուսիսային Կորեան իր հրթիռային ներուժի զարգացման հարցում հաջողությունների է հասել՝ չնայած, որ երկրի դեմ տասնամյակներ շարունակ գործում են ՄԱԿ-ի պատժամիջոցները:
«Պետք է հստակ ցույց տալ իրենց գերտերություն համարող շովինիստներին՝ ինչպես է մեր պետությունը, անտեսելով նրանց բազմաթիվ պատժամիջոցներն ու արգելափակումները, հասնում իր նպատակին»,-ասել է Կիմ Չեն Ընը՝ նկատի ունենալով միջուկային զենքի ստեղծումը:
Բացի այդ, korrespondent.net-ը հավելում է, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարն ասել է, որ միջուկային ուժերի ստեղծումը գրեթե արդեն իրագործված է:

















