Ուկրաինայի վարչապետը չգիտի՝ ինչպես վարվել Սաակաշվիլիի հետ

13:57 • 16.09.17

Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել է, որ երկրի իշխանությունները որևէ առանձնահատուկ միջոց չեն նախապատրաստում Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ, որն ի հեճուկս ուկրաինական քաղաքացիությունից զրկվելու և իշխանությունների կողմից պարբերական նախազգուշացումների՝ հատեց լեհ-ուկրաինական սահմանն ու մուտք գործեց երկիր, իսկ հաջորդ շաբաթ էլ պատրաստվում է Կիև այցելել:

«112 Ուկրաինա» հեռուստաալիքի ուղիղ եթերով հեռարձակված YES համաժողովի ժամանակ վարչապետը Սաակաշվիլիին պոպուլիստ է անվանել և անկեղծացել, որ չգիտի, թե ինչ է պետք անել նման դեպքերում:

«Ես գիտեմ՝ ինչպես կառուցել ճանապարհներ, ինչպես ներդրումներ անել ազգային տնտեսության զարգացման համար, ինչպես պատրաստել երկիրը դաժան ձմռանը: Իսկ թե ինչ անել պոպուլիստների հետ՝ թող որոշի ուկրաինական հասարակությունը», - ասել է Գրոյսմանը՝ հավելելով, որ պոպուլիզմն Ուկրաինան պետք է թողնի անցյալում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստվում է համախոհներ գտնելու նպատակով շրջագայել ամբողջ Ուկրաինայով՝ այն սկսելով Չեռնովցի քաղաքից:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանցագործություն է անվանել Ուկրաինա-Լեհաստան սահմանին Սաակաշվիլիի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը: 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Սաակաշվիլին, աջակիցների ուղեկցությամբ «Շեգինի» անցակետում սահմանապահների շղթան ճեղքելով, ներխուժել է Ուկրաինայի տարածք: