Ոչ մի «սև ցուցակ» Արցախը փակ չի պահի միջազգային հանրության համար. Ստանիսլավ Տարասով
Ադրբեջանի աբսուրդային դիրքորոշումը մի շարք հարցերի առիթ է տալիս, քանի որ այդ երկիրը կորցնում է ադեկվատությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում, մեկնաբանելով երեկ իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ ադրբեջանական բանտից ազատվելուց հետո սոցցանցի իր էջում կատարած առաջին գրառումն Ադրբեջանում անցկացրած դաժան օրերի մասին, նման տեսակետ է հայտնել ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:
«Լապշինի գործն ընդհանրապես դատարկ, անիմաստ նախաձեռնություն էր, և թե ինչու Ադրբեջանը մտավ դրա մեջ, մինչ այժմ չեմ էլ հասկանում: Ինձ թվում է՝ այն հետապնդում էր որոշակի նպատակներ՝ հաշվի առնելով, որ Լապշինը մի քանի երկրների քաղաքացի է՝ այդ թվում, նաև Ռուսաստանի և Իսրայելի, իրենից ներկայացնում է ինչ-որ մի նշանակալի դեմք, ում հայտարարությունները կարող են փոխել հասարակական կարծիքը: Ադրբեջանը պետք է լրջորեն մտածի իր գործողությունների մասին»,-ասել է նա:
Քաղաքագետը շեշտել է, որ ոչ մի «սև ցուցակ» Արցախը փակ չի պահի միջազգային հանրության համար: Նրա հավաստմամբ՝ դա երբեք չի լինի:
«Արցախ այցելել են և շարունակելու են այցելել լրագրողներ, պատգամավորներ և քաղաքական գործիչներ, քանի որ, հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, նրանք պարտավոր են այնտեղ լինել»,-եզրափակել է Ստանիսլավ Տարասովը:










