Այսօրվա աշխարհն առանց ՄԱԿ-ի զգալիորեն վատը կլիներ. Մերկել
Այսօրվա աշխարհն առանց ՄԱԿ-ի զգալիորեն վատը կլիներ։ Նման կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը հրապարակվել է երկրի կառավարության կայքում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ես կարծում եմ, որ աշխարհն առանց ՄԱԿ-ի միանշանակ վատը կլիներ»,- ասել է նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին ընդառաջ, որը բացվելու է սեպտեմբերի 19-ին։
Կանցլերն այս կապակցությամբ ընդգծել է խաղաղապահ ուժերի նշանակությունը, ինչպես նաև նշել 2015-ին ընդունված Մինչև 2030 թվականը կայուն զարգացման նպատակների և Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրի կարևորությունը, որին, ըստ նրա, առանց ՄԱԿ-ի հնարավոր չէր լինի հասնել։
Միևնույն ժամանակ, նա խոստովանել է, որ միջազգային հակամարտությունների կարգավորման գործում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արդյունավետությունը խիստ սահմանափակ է՝ մշտական անդամների՝ այս կամ այն որոշման հարցում վետո կիրառելու հնարավորության պատճառով։
«Ափսոսանք է առաջացնում այն, որ Սիրիայի հարցում մենք այսքան երկար ժամանակ չենք կարողանում միասնական դիրքորոշում մշակել»,- ասել է նա՝ կոչ անելով շարունակել աշխատանքը ՄԱԿ-ի գործունեության բարելավման ուղղությամբ։










