Ճամայկայում 117 տարեկանում մահացել է Երկիր մոլորակի ամենատարեց բնակչուհին
Ճամայկայում 117 տարեկանում մահացել է Երկիր մոլորակի ամենատարեց բնակչուհի Վայոլեթ Մոսե Բրաունը։ Ինչպես հայտնում է RT-ն, այդ մասին հայտնել է երկրի վարչապետ Էնդրյու Հոլնեսը։
«Մահացել է աշխարհում ամենածեր կինը՝ տիկին Վայոլեթ Մոսե Բրաունը։ Նա 117 տարեկան էր։ Հանգչի՛ր խաղաղությամբ, Մոսե Բրաուն»,- գրել է նա Twitter-ում։
Այժմ Երկիր մոլորակի ամենածեր բնակչուհին է դարձել ճապոնուհի Նաբի Տաձիման, որը ծնվել է 1900 թվականի օգոստոսի 4-ին։
Բրաունը ծնվել է 1900 թվականի մարտի 10-ին, նա աշխարհի ամենածեր բնակչուհին էր ճանաչվել 2017-ի ապրիլին՝ իտալուհի Էմմա Մորանոյի մահից հետո։
Միևնույն ժամանակ, մայիսի 1-ին Ինդոնեզիայում 146 տարեկանում մահացել է Սապարման Սոդիմեջոն։ Նա համարվում էր ամենածեր տղամարդը Երկրի վրա։












