Արմավիրի մարզում մայրը ննջասենյակում որդուն գտել է կախված վիճակում. գյուղապետը մանրամասներ է հայտնում
Արմավիրի մարզում Վաղարշապատի բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը Հայկաշեն համայնքից մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել քաղաքացու: Tert.am-ի հետ զրույցում Հայկաշեն համայնքի ղեկավար Վարշամ Հովհաննիսյանը պատմեց, որ լուսադեմին՝ ժամը 5-6-ի սահմաններում, 1974 թվականին ծնված Ա. Ա-ին տանը կախված վիճակում հայտնաբերել է մայրը:
«Իմ տեղեկություններով՝ 5-6 կողմերն է եղել, մայրն է գտել նրան: Զանգել է ու տարել են հիվանդանոց, այդ ժամանակ ոստիկանները դեռ չգիտեին, որ ինքնասպանություն է: Հետո երևի մորգից են ասել»,- ասաց նա:
Հովհաննիսյանը պատմեց, որ 43-ամյա Ա.Ա-ն ամուսնացած չէր, ապրում էր հոր և մոր հետ:
«Իրանք շատ հարգված, սիրված ընտանիք են: Տղան ոչ մի շեղում, ոչ մի հիվանդություն չուներ: Բոլորիս մոտ զարմանք է, թե այդ տղան ինչու նման բան արեց, մինչև հիմա բոլորս շոկի մեջ ենք: Շատ մարդամոտ, շփվող ընկերասեր տղա էր, որևէ բան չենք նկատել, համայնքում էլ շատ ակտիվ էր»,- նշեց Վարշամ Հովհաննիսյանը:
Նշենք նաև, որ հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը:










