Էջմիածինում դանակահարություն է տեղի ունեցել, կրակոցներ չեն հնչել. դանակահարողի ինքնությունը պարզվել է

12:00 • 18.09.17

Սեպտեմբերի 17-ին Էջմիածին քաղաքում գրանցված դանակահարության մասնակցի ինքնությունը պարզվել է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Նրա խոսքով՝ երեկ երեկոյան Էջմիածին քաղաքում դանակահարության դեպք է գրանցվել.«Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է  տեղի ունեցել, որի ընթացքում նաև դանակահարության դեպք է գրանցվել: Մեկ քաղաքացի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Կարճ ժամանակ անց ոստիկանության ծառայողները պարզել են դանակահարողի ինքնությունը»:

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից հայտնեցին, որ այժմ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Հարցին, թե միայն դանակահարության դեպք է եղե՞լ, հաշվի առնելով, որ Armlur.am-ի տեղեկություններով Էջմիածինում լարված վիճակ էր և կրակոցներ են հնչել, Ջանոյանն ասաց.« Էջմիածինում կրակոցներ չեն հնչել, լուրը չի համապատասխանում իրականությանը»:

Նշենք, որ  Shamshyan.com-ի տեղեկություններով՝  դանակահարվածը Էջմիածին քաղաքի բնակիչ 29-ամյա Երվանդ Համբարձումյանն է, ով վիրավորում է ստացել ձախ ոտքի հատվածում: