Սփյուռքը լուրջ աշխատանքներ է տանում Արցախին մեկուսացումից հանելու համար. Շավարշ Քոչարյան
Չպետք է հակադրել իրար Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու Հայոց ցեղասպանության ճանաչումը. Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին լրագրողների հետ հանդիպմանը այսպես ասաց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Նա նկատեց, թե սխալ է մոտեցումը, որ պետք է մեկը մյուսից առաջնային համարել: Նշեց, որ ավելի մեծ ուժով պետք է ձեռնամուխ լինել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, որովհետև Հայաստանը ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունները կանխարգելման հարցում առաջամարտիկներից է:
«Դա պետք է շարունակվի և առանց հակադրելու միաժամանակ շատ ավելի լուրջ շեշտադրումով պետք է առաջ մղվեն այն բոլոր հարցերը, որոնք կապված են Արցախի Հանրապետության հետ»,- ասաց նա:
Շավարշ Քոչարյանը նշեց, որ սփյուռքը շատ լուրջ ներգործություն ունի արտաքին քաղաքականության մեջ, քանի որ ներգրավված է տարբեր միջազգային կառույցներում:
«Այս տեսանկյունից Սփյուռքի դերակատարումն ուղղակի անգնահատելի է: Երբ խոսվում է Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, բոլորս շատ լավ գիտակցում ենք, որ առյուծի բաժինը հասնում է Սփյուռքին»,-ընդգծեց ՀՀ փոխարտգործնախարարը: Անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորման հարցին՝ արտաքին գերատեսչության ներկայացուցիչը նկատեց՝ Ադրբեջանը փորձեր է կատարում մեկուսացնելու Ղարաբաղը, մինչդեռ Սփյուռքը լուրջ աշխատանքներ է տանում Արցախին այդ մեկուսացումից հանելու համար:










