Հայաստան-Սփյուռք համաժողովին պետության առաջին դեմքի մակարդակով արձանագրվեց դեմոգրաֆիական խնդրի գերկարևորությունը. Սամվել Ֆարմանյան

21:30 • 18.09.17

ՀՀ որևէ իշխանություն այսօր, վաղը և դրան հաջորդող ժամանակահատվածում չի կարող առաջնորդվել երկրի պետական շահերով, եթե առաջնահերթություն չդիտարկի ՀՀ-ում ժողովրդագրության խնդիրը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովում ունեցած ելույթին, որի ընթացքում նա անդրադարձել է նաև երկրի ժողովրդագրական խնդիրներին։

«Մեր նպատակն է, որ Հայաստանը 2040 թվականին ունենա առնվազն 4 միլիոն բնակիչ», -ասել էր Սերժ Սարգսյանը և նշել, որ ժողովրդագրական միտումները Հայաստանում խիստ մտահոգիչ են և հետևանք են քառորդդարյա օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ գործոնների։

«Շատ ուրախ եմ, որ Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի օրակարգում հանրապետության Նախագահի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի կողմից հնչեցվեց ժողովրդագրության թեզը, որովհետև ես եղել և մնում եմ այն կարծիքին, որ մեր պետականությանը սպառնացող ավելի մեծ մարտահրավեր չկա, քան ժողովրդագրության այն միտումներ են, որ այսօր կան: Շատ ուրախալի է արձանագրել, որ պետության առաջին դեմքի մակարդակով նախ արձանագրվեց խնդրի գերկարևորությունը և հետո մեկ անգամ ևս բարձրաձայնվեց թիրախը՝ 2040 թվական 4 մլն բնակչություն Հայաստանում: Եվ այժմ, երբ այդ թիրախը հստակ ուրվագծված է և առաջիկայում կազմելու է համահայկական օրակարգի առաջնահերթությունը, երկրի օրենսդիր և գործադիր իշխանությունները պետք է մշակեն և իրականացնեն իրենց բաժին գործողությունները: Նաև ազդարարվեց, որ Հայաստան-Սփյուռք գործակցության հաջորդ բոլոր կարևոր հանգրվանները նվիրված են լինելու այդ մայր գաղափարի իրագործմանը»,-ասաց Սամվել Ֆարմանյանը, ով բազմիցս բարձրաձայնել է ժողովրդագրության խնդիրների մասին:

Ֆարմանյանի խոսքով՝ քաղաքական տեսանկյունից թեման հանրային դիսկուրս դարձնելը շատ կարևոր ազդակ է: Նա նշեց, որ հայ ժողովրդի ինտելեկտուալ պոտենցիալը՝ մտավոր, տնտեսական բոլոր կարողությունները, հնարավոր է ուղղել այս խնդրի կարևոր քննարկմանն ու լուծմանը. «Սա քաղաքական տեսակետից չափազանց կարևոր է: Ըստ էության, ՀՀ Նախագահի կողմից համաժողովի ընթացքում այդ խնդրի արծարծումն ու այդ թիրախի ներկայացումը հանգրվանային էր, որովհետև ակնհայտ է, որ ժամանակի իրողություններով պայմանավորված՝ ՀՀ դեմոգրաֆիական խնդիրների լուծումը չի կարող տեղի ունենալ առանց համահայկական ընդգրկման հասկանալի պատճառներով՝սփյուռքի գոյությամբ, արտագաղթի իրողությամբ պայմանավորված և այլն»:

ԱԺ պատգամավորի կարծիքով՝ քաղաքական և հասարակական շրջանակներն իրենց ուշադրության կենտրոնում պետք է պահեն այդ հարցը, այն դարձնեն օրակարգային քննարկման թիվ մեկ խնդիր և ուղիներ որոնեն, որովհետև շատ մակերեսային գնահատականներ են հնչում, խնդրի քաղաքականացման հետ կապված ամեն ինչ վերագրվում է իշխանությանն ու ընդդիմությանը միասին. «Այստեղ հարցն այն է, որ 21-րդ դարի տեղեկատվական աշխարհը ենթադրում է մարդկանց ազատ տեղաշարժ, շուկաներ, որոնք կլանում են լավագույն կադրերին, երկրում սոցիալ տնտեսական կամ անվտանգության իրողություններով պայմանավորված՝ միգրացիոն հոսքերն են արագանում, և բազմաթիվ այլ գործոններ կան»:

Հարցին, թե ինչ գործնական քայլեր են արվելու առաջիկայում, Սամվել Ֆարմանյանն ասաց, որ այս շաբաթվա ընթացքում ինքը հանդես կգա հրապարակային հայտարարությամբ, ուղղված բոլոր շահագրգիռ գործընկերներին՝ պատգամավորներին, քաղաքական գործիչներին՝ նաև խորհրդարանից դուրս, դիվանագետներին, փորձագետներին , միջազգային կառույցների ներկայացուցիչներին, որպեսզի ձևավորվի աշխատանքային խումբ. «Պետք է ձևավորենք աշխատանքային խումբ, որի նպատակը կլինի երկու հարցի պատասխան ստանալ: Առաջին ՝ ի՞նչ իրավիճակում ենք մենք գտնվում այսօր, այսինքն՝ մեր դեմոգրաֆիական միտումների ամբողջական համապատկերն ինչպիսի՞ն է, և երկրորդ՝ ի՞նչ ելքեր կարող են լինել: Սա երկարատև փնտրտուք է լինելու մեր ժողովրդի համար, բոլոր այն հատվածների համար, ովքեր այդ խնդիրը դիտում են որպես գերառաջնահերթություն: Սա ծանր աշխատանք է լինելու, բայց ես վստահ եմ, որ մենք մեր կենսափորձով, ապագայի վտանգները կանխազգալու մեզ բնորոշ պատրաստվածությամբ շարունակելու ենք փնտրտուքը՝ ելքեր գտնելու ուղղությամբ, և այս խնդիրը դարձնելու ենք համահայկական օրակարգի թիվ մեկ խնդիր՝ դրանից բխող արդյունքով ու քայլերով»:

Դիտարկմանը, թե արդյո՞ք կստացվի, Սամվել Ֆարմանյանն ասաց, որ առանց լավատեսության որևէ մեծ բան ձեռնարկելն ի սկզբանե ձախողված է. «Ինչպես Արամ Ա-ն ասաց համաժողովի ընթացքում՝ հայրենիքը հողն է ու ժողովուրդը, և մենք պարտավոր ենք պաշտպանել մեր հողը ամենով»: