Մեր սփյուռքն այսօր արդեն դիմագրավում է ուծացման լուրջ մարտահրավեր. Ա. Գոչունյան (տեսանյութ)

17:14 • 18.09.17

Հայկական սփյուռքն այսօր արդեն դիմագրավում է ուծացման լուրջ մարտահրավեր, և սա վերաբերում է առաջին հերթին Ցեղասպանությունը վերապրածների սերունդներին:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Հայաստան -Սփյուռք 6-րդ համաժողովին մասնակցող, պոլսահայ համայնքը ներկայացնող, Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» պարբերականի խմբագիր Արա Գոչունյանը:

Հարցին, թե թուրքահայ համայնքն ունի՞ համախմբվածության մոտեցումներ և դիտարկմանը, որ վերջին շրջանում շատ է խոսվում, որ համայնքը փոքրանում է, ջլատված է, Արա Գոչունյանը պատասխանեց. «Երևի ամենակայուններից մեկն է թուրքահայ համայնքը իր խորը ավանդույթներով, բայց մյուս կողմից Հայաստան-Սփյուռք համագործակցության ամուր և առողջ երթը երաշխավորելու տեսակետից շատ էական է, որ մեր սփյուռքը ամրանա: Մեր սփյուռքն այսօր արդեն դիմագրավում է ուծացման լուրջ մարտահրավեր, սերունդներն արդեն անհաղորդ ձևով են շարունակում համազգային մեծ ժառանգության իրենց երթը: Եվ այդ իմաստով, որքան մեր սփյուռքն արագ կարողանա այդ խնդիրները հաղթահարել, համապատասխան ձևով նոր թափ, նոր լիցք կարող է ստանալ Հայաստան-Սփյուռք համագործակցությունը»:

Եվ այդ իմաստով, ըստ բանախոսի, որքան մեր սփյուռքն արագ կարողանա այդ խնդիրները հաղթահարել, համապատասխանաբար, նոր թափ, նոր լիցք կարող է ստանալ Հայաստան-Սփյուռք համագործակցությունը:

Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք համաժողովների արդյունավետությանը՝ պոլսահայ խմբագիրը չթաքցրեց, որ շատ դեպքերում Հայաստան-Սփյուռք համաժողովների արդյունավետությունը կասկածի տակ է դրվում, իսկ շատ դեպքերում այն ընթանում է ավելի հայաստանակենտրոն մոտեցումներով:

Սակայն նշեց, որ այս՝ 6-րդ համաժողովն առանձնանում է այլ ձևաչափերի որոնումներով:

«Մենք ապրում ենք հարափոփոխ աշխարհում, և այդ իրավիճակում Հայաստան-Սփյուռք հարաբերություններն էլ բավականին հարափոփոխ ձևով են ընթանում, նոր ձևերով զարգանում. հայոց պետականությունը 25-ամյա անկախությունը բոլորել է, և, բնականաբար, լինում են նոր առաջնահերթություններ, նոր մարտահրավերներ: Այս իրողության մեջ Հայաստան-Սփյուռք համաժողովներում, բնականաբար, լինում են նոր առաջնահերթություններ, նոր մարտահրավերներ: Եվ չնայած շատ դեպքերում Հայաստան-Սփյուռք համաժողովները արդյունավետության իմաստով հարցաքննվում են (կասկածի տակ են առնվում), բայց իրենից դերակատարությունն ունեն, որպեսզի համայն աշխարհի հայության նախապատվություններն ինչ-որ ձևով հստակեցվեն և մի մեծ հայկական ներքին երկխոսության հարթակ ստեղծվի»,-ասաց Արա Գոչունյանը:

Ըստ վերջինիս՝ շատ ցանկալի է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, բայց անցած տարիների փորձը ցույց է տվել, որ թուրքահայ համայնքը Հայաստանի հետ համագործակցության, Հայաստանի մեջ ներկայություն ապահովելու և համահայկական հարթակում գործելու որևէ դժվարություն, սահմանափակում չունի:



Մանրամասները՝ տեսանյութում։