Մալայզիայի մայրաքաղաքում արգելվել է գարեջրի փառատոնը՝ մահմեդականների բողոքների պատճառով
Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրի իշխանություններն արգելել են անցկացնել ամենամյա գարեջրի փառատոնը. պատճառը տեղացի մահմեդականների բողոքներն են, որոնց աջակցում է Մալայզիայի մահմեդական կուսակցությունը:
Rеuters-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի առաջին հանգստյան օրերին մայրաքաղաքի արվարձանի առևտրի կենտրոններից մեկում կայանալիք միջոցառումը պետք է անցկացվեր արդեն վեցերորդ անգամ և հազարավոր մարդկանց հյուրընկալեր: Միջոցառման ժամանակ պետք է ներկայացվեր 11 երկրի գարեջրագործների արտադրանքը:
Նշվում է, որ սեպտեմբերի 18-ին Կուալա Լումպուրի մունիցիպալիտետը հայտարարություն է արել՝ արգելելով այս տարի անցկացնել փառատոնը: Կազմակերպիչներին նախազգուշացրել են, որ միջոցառումն ինքնակամ անցկացնելու դեպքում նրանք կենթարկվեն պատասխանատվության:
Միջոցառման կազմակերպմամբ զբաղվող գարեջրագործական ընկերություններից մեկի ներկայացուցիչների խոսքով՝ պաշտոնյաները հայտնել են իրենց, որ մերժման պատճառը «քաղաքական» է:










