1994թ. մենք ստորագրեցինք Զինադադարի մասին զզվելի պայմանագիր. Նորատ Տեր-Գրիգորյանց (տեսանյութ)

12:54 • 18.09.17

1994թ.-ին մենք ստորագրեցինք Զինադադարի մասին զզվելի պայմանագիր: Լրագրողների հետ զրույցում ասաց 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Ըստ նրա՝ պետք էր կապիտուլյացիայի գնալ, սահմանը հստակեցնել, որովհետև Զինադադարի մասին պայմանագրին հետևում է միայն Հայաստանը, իսկ Ադրբեջանը խախտում է այն:

«Պետք է բանակցություններ վարել, որպեսզի 21թ.-ի հուլիսի 5-ի պայմանագիրը չեղարկվի, երբ ՌԴ բոլշևիկները Ղարաբաղը տվեցին. այն ժամանակ ամեն ինչ իր տեղը կընկնի»,- շեշտեց Նորատ Տեր-Գրիգորյանցը:

Նա նշեց, որ իրենք աշխատում են այն ուղղությամբ, որ Ղարաբաղի անկախությունը ճանաչվի աշխարհի կողմից: Ն. Տեր-Գրիգորյանցի խոսքով՝ Ռուսաստանը դժգոհում է Ղրիմը Ուկրաինային անօրինական տալու մասին, այն դեպքում, երբ անօրինական Ղարաբաղն էլ տրվել է Ադրբեջանին:  

Նորատ Տեր-Գրիգորյանցն ասաց, որ միջազգային հանրությունը չի պատժում Ռուսաստանին Ադրբեջանին զենք վաճառելու համար, այնինչ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարը:

«Ադրբեջանը պետք է դադարեր խախտել հրադադարը, բայց ՌԴ-ն զենք է տալիս, այնպիսի զենք, որը շատ հզոր է, իսկ Հայաստանը ՌԴ դաշնակիցն է: Ես դեմ եմ այս գործընթացին: Առավել ևս, երբ ընկեր Պուտինը օրերս հայտարարեց, որ պետք չէ զենք վաճառել հակամարտող պետություններին, բայց իրենք վաճառում են։ Իսկ ո՞վ է Ադրբեջանը, դա ագրեսիվ, ահաբեկչական պետություն է»,- նշեց գեներալը: