Ստամբուլում ազգայնականները քարերով հարձակվել են եկեղեցուց դուրս եկած հայերի վրա ու բղավել «Մա՛հ ձեզ»

11:25 • 18.09.17

Ստամբուլի հայկական եկեղեցիներից մեկի մուտքի մոտ ազգայնականների խումբը քարերով հարձակվել է եկեղեցուց դուրս եկող հայերի վրա, այս մասին հաղորդում է թուրքական artigercek.com կայքը:

Լրատվամիջոցներին այս մասին հայտնել է պոլսահայ գործիչ Երվանդ Օզուզունը՝ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանի հայրը:

Ստամբուլի Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցու մուտքի մոտ քարկոծված պոլսահայերը եկեղեցի էին եկել Խաչվերացի տոնի առթիվ երեկոյան կազմակերպված պատարագին: Հայտնի է, որ դռան մոտ սպասած ազգայնականները քարեր են նետել հայերի վրա ու բղավել «Մա՛հ ձեզ»:

«Սովորաբար կիրակնօրյա պատարագների ժամանակ մինչև պատարագի ավարտը հայկական եկեղեցիների մուտքի մոտ անվտանգության ուժերը պահակություն են անում: Պետության պարտականությունն է ապահովել իր քաղաքացու անձի և ունեցվածքի անվտանգությունը: Սա մեզ ուրախացնում է՝ ինչ խոսք: Սակայն այլ հարց է, թե ինչու է իրավիճակն այնպիսին, որ առանց ոստիկանի պահակության մեր իսկ հողերի վրա չենք կարողանում հանգիստ սրտով եկեղեցական պատարագ անել», - artigercek.com-ի հետ զրույցում ասել է Օզուզունը:

Հարձակման հետևանքով տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան: