Սիրիական բանակը փակել է ԻՊ մատակարարման հիմնական ուղին Դեր Զորում

19:03 • 18.09.17

Սիրիական բանակը դաշնակից ուժերի աջակցությամբ վերահսկողություն է հաստատել Դեր Զոր քաղաքի հարավ-արևելքում գտնվող Ջաֆրա թաղամասի վրա: Այս մասին РИА Новости-ին հայտնել է քաղաքի ազատագրման շտաբի աղբյուրը:

«Բանակը և դաշնակից ուժերը Ջաֆրա թաղամասից դուրս են մղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչներին՝ փակելով քաղաքում ահաբեկիչների կողմից վերահսկվող թաղամասերի մատակարարման գլխավոր ուղին», - պատմել է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ ահաբեկիչները փախչում են Մեյադին քաղաքի և Դեր Զորի արվարձանների ուղղությամբ:

Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների մի խումբ կամավոր կերպով հանձնվել է սիրիական բանակին:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Սիրիայի կառավարական զորքերը և դաշնակից ուժերն «Իսլամական պետություն» այաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրել են Դեր Զոր քաղաքի հարավարևելյան հատվածի երկու թաղամաս: