Արցախի կառավարության կազմը հայտնի կդառնա սեպտեմբերի 27-ին, կազմում կլինեն փոփոխություններ. Արթուր Թովմասյան
Արցախի Հանրապետության կառավարության կազմը հայտնի կդառնա սեպտեմբերի 27-ին: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:
Արցախի նախագահի ընտրություններից հետո ԼՂ Սահմանադրության 169-րդ հոդվածի համաձայն՝ սեպտեմբերի 7-ին կառավարությունը հրաժարական ներկայացրեց: Նախագահի պաշտոնում վերընտրված Բակո Սահակյանը ընդունեց կառավարության հրաժարականը:
Արթուր Թովմասյանն ասաց, որ ուժի մեջ մտած նոր Սահմանադրության համաձայն Ղարաբաղում այլևս վարչապետի պաշտոն չի լինելու, որովհետև կառավարության անդամներին ղեկավարելու լիազորությամբ շնորհվել է նախագահ Բակո Սահակյանը:
Պատգամավորը դժվարացավ նշել, թե նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը կնշանակվի մեկ այլ պաշտոնին, թե ոչ, բայց մեջբերեց գործադիր մարմնի նախկին ղեկավարի հարցազրույցից այն հատվածը, որ ինքը պատրաստ է ստանձնել իրեն վստահված պաշտոնը:
«Արայիկ Հարությունյանն ասել է, որ ինքը պատրաստ է ծառայել հայրենիքին, անկախ նրանից, թե իրեն ինչ պաշտոն կվստահվի: Արցախի նախագահի երդմնակալության արարողությունից հետո 20 օրյա ժամկետում նախագահը կառավարության կառուցվածքը կորոշի, կնշանակի կառավարության անդամներին: Կարծում եմ, որ կառավարության կազմում փոփոխություններ կլինեն»,- ասաց Արթուր Թովմասյանը:
Պատգամավորը նշեց, որ կառավարության նախորդ 10 տարիների գործունեությունը դրական է գնահատում, որովհետև գործադիր մարմին հաջողվել է տնտեսական մեծ աճ ապահովել: «Կառավարության այս տարիների աշխատանքի արդյունքում միջինը 10 տոկոս տնտեսական աճ է ապահովվել: Սա լավ է, եթե նկատի ունենանք այն, որ 10 տարիներին եղել է տնտեսական ճգնաժամ աշխարհում, Արցախում՝ ուժեղ քամիներ, կարկտահարություն, ապրիլյան պատերազմ, դա ոչ թե լավ, այլ՝ գերազանց»,- ասաց Թովմասյանը:
Հարցին՝ կառավարության կառուցվածքի փոփոխություն ևս կլինի՞, Արթուր Թովմասյանն ասաց, որ Արցախի խորհրդարանի խմբակցությունները, արտախորհրդարանական քաղաքական ուժերը հարցը քննարկել են նախագահ Բակո Սահակյանի հետ, թեև ինքն ունի միանձնյա որոշելու իրավունք, բայց թե ինչ եզրահանգման են եկել պարզ կդառնա սեպտեմբերի 27-ին:










