Վերնիսաժում կրակոցների հետևանքով վիրավորված Վահագն Աբգարյանի վիճակը բարելավվել է, նրան հսկում են իրավապահները

15:00 • 18.09.17

Սեպտեմբերի 14-ին Վերնիսաժի հարևանությամբ, Թուֆենկյան հյուրանոցի մոտ հրաձգության արդյունքում վիրավորում ստացած Վահագն Աբգարյանը, ով հայտնի է Ալավերդու Վահագն անունով, դեպքի օրը վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն և դեռ շարունակում է բուժումը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը:

«Վահագն Աբգարյանը շարունակում է բուժումը, նրա վիճակը բավարար է, վերքի բուժումը շարունակվում է: Թե որքան կմնա հիվանդանոցում` պայմանավորված է վերքի բուժմամբ»,-ասաց Կուրղինյանը` հավելելով, որ նա հսկվում է իրավապահների կողմից:

Հիշեցնենք, որ Վերնիսաժում սեպտեմբերի 14-ին կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով 1974 թվականին ծնված Գ.Մ.-ն մահացել էր, իսկ Վահագն Աբգարյանը՝ վիրավորվել: Սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։