Ադրբեջանում հետաքննություն են սկսել Արցախ այցելած 4 թուրք մտավորականի նկատմամբ, նրանց հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարվել

09:57 • 29.09.17

Ադրբեջանում հետաքննություն են սկսել Արցախ այցելած չորս թուրք մտավորականի նկատմամբ, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Թուրքիայի քաղաքացի հանդիսացող գրող Սայիթ Չեթինօղլուի, քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասի, լրագրողներ Ալի Բայրամօղլուի և Էրոլ Քաթըրջըօղլուի վերաբերյալ կալանավորման որոշում է կայացրել և նրանց ձերբակալությունն իրականացնելու համար դիմել Թուրքիայի համապատասխան մարմիններին:

Այս տարվա սեպտեմբերի 22-ին Հայաստանի տարածքով Արցախ այցելած թուրք մտավորականները մեղադրվում են «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի կերպով հատելու համար»: Նրանց հանդեպ հայտարարվել է միջազգային հետախուզում: 

Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցության պատգամավորներից Աթիլլա Քայան շտապել է դատապարտել թուրք մտավորականների այցն Արցախ և անվանել նրանց «ծպտյալ հայեր»: Ըստ Քայայի՝ նրանք դավաճանել են Թուրքիան՝ Արցախում անելով հայամետ հայատարարություններ, որոնք աջակցում են «Ադրբեջանի 20 տոկոսն օկուպացրած Հայաստանին», գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: