Հաղորդակցման նոր դարաշրջան` Ucom-ի բաժանորդների համար. գործարկվեց բջջային ցանցում զանգեր կատարելու VoLTE  տեխնոլոգիան

11:31 • 01.12.17

 

Հայաստանը համալրեց աշխարհի այն 28 երկրների շարքը, որոնք մուտք են գործել հաղորդակցման նոր դարաշրջան: Ucom ընկերության շարժական կապի բաժանորդները հնարավորություն կունենան բջջային ցանցի VoLTE  (ձայնը LTE ցանցի միջոցով) տեխնոլոգիայի օգնությամբ զանգեր կատարել:

Ucom ընկերությունն այսօր ազդարարեց VoLTE  տեխնոլոգիայի գործարկման մասին:

Թե ինչ է իրենից ներկայացնում VoLTE տեխնոլոգիան, Ucom ընկերության տեխնիկական տնօրեն Գևորգ Գևորգյանը բացատրեց՝ այս տեխնոլոգիայով աշխատող հեռախոսից զանգ կատարելու և ազդանշան ստանալու տևողությունն առավելագույնը 2 վայրկյան է, ունի ձայնի շատ բարձր որակ, ինտերնետ կապի խափանման բացառում:

«VoLTE տեխնոլոգիայով աշխատող հեռախոսազանգի միացման համար պահանջվում է 2 վայրկյանից էլ քիչ ժամանակ, մինչդեռ 3G ցանցում այդ ժամանակահատվածը 6-10 վայրկյան էր»,-ծառայության շնորհանդեսին նշեց Գևորգյանը:

Ըստ նրա՝  տեխնոլոգիան կգործի Հայաստանի ամբողջ տարածքում, որտեղ LTE ծածկույթն առկա է, իսկ VoLTE ծառայությունը մեկ տարուց ավելի գործող 4G+ ցանցի հնարավորություններից մեկն է:

Ucom ընկերության գործադիր տնօրեն Հայկ Եսայանը նոր տեխնոլոգիայի գործարկման շնորհանդեսին, խոսելով ծառայության առավելությունների մասին, նշեց, որ զանգը բաժանորդը ստանում է հենց LTE ցանցում: «Երբ զանգն անջատվում է, կարիք չկա առաջվա պես իջնել 3G, զանգ ստանալ, հետո սպասել, որ նորից անցնի LTE ցանց, այսինքն՝ միանգամից LTE ցանցում է: Այսինքն՝այլևս LTE ցանցից դուրս գալու, ինչպես նաև բարձր արագությամբ տվյալների փոխանցումը կատարելու կամ վեբկայքերի դիտումը դադարեցնելու կարիք չկա, նույնիսկ եթե Ձեզ զանգահարում են»,-ասաց նա և հավելեց, թե ցանկացած բաժանորդ, ում հեռախոսը հնարավորություն ունի՝ նրա մոտ ծառայությունն ավտոմատ կակտիվանա:

«ՀՀ բնակչության մոտ 65%-ն ունի սմարթֆոններ, կարծում ենք, սկզբնական շրջանում 15-20%-ն այդ ծառայությունից կօգտվի»,-ասաց նա և շեշտեց, որ գնային քաղաքականությունը չի փոխվելու:

Ի դեպ, Հայկ Եսայանը տեղեկացրեց, որ ինտերնետ արագության ցուցանիշով Հայաստանը 91-րդ հորիզոնականից բարձրացրել է 51-րդ՝ շնորհիվ Ucom-ի ինտերնետ կապի որակի հետևողական բարձրացման: Ըստ նրա՝ընկերությունը երկու տարում 40 մլրդ դրամի ներդրում է ընկերությունում արել: