«Վինար» ընկերությունը կվճարի Արարատի մարզի գյուղացիներին իրենց պարտք մնացած 34 միլիոն դրամը. Ռոբերտ Մակարյան

20:28 • 29.12.17

«Վինար» ընկերությունը վճարելու է Արարատի մարզի գյուղացիներին դեռ 2015 թվականից պարտք խաղողի մթերման գումարը․ այս մասին Tert.am-ին հայտնեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

«Պարտքի մնացորդը շուրջ 34 միլիոն դրամ է: Այդ հարցը մշտապես հանրապետության նախագահի, վարչապետի և գյուղնախարարի ուշադրության կենտրոնում էր գտնվում: Հիմա արդեն խնդիրը լուծվել է և վաղը գյուղացիները կստանան իրենց գումարը: Պարտքն ամբողջովին մարվելու է»,- ասաց նա:

Մակարյանը տեղեկացրեց, որ աշխատել են Արարատի մարզպետարանի, Արարատի գյուղական համայնքների ղեկավարների հետ, և վաղն արդեն սահմանված գրաֆիկով գյուղացիներն իրենց գումարը կստանան:

Հիշեցնենք, որ «Վինար» ընկերության կողմից շահագործվող գինու գործարանը խաղողագործների պարտքը դարձել էր Արարատի մարզի գյուղացիների բողոքի պատճառ: Գյուղացիները պահանջում էին նախորդ տարի մթերած խաղողի դիմաց իրենց գումարները։

Նշենք, որ «Վինար»-ի հետ կապված գյուղնախարարությունը դիմել է դատախազություն՝ ստուգելու համար ընկերության վճարունակությունը: Դատախազությունը նյութեր է նախապատրաստել, գործ է հարուցել, և պարզվել է, որ «Վինար» ընկերությունը վճարունակ է, բայց խնդիրներ կան՝ կապված գործարանի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) հետ, որի կողմից գործարանի ապրանքները յուրացվել են: «Վինար» ընկերությունն էլ դիմել է իրավապահ մարմիններին ապրանքի յուրացման հետ կապված, և ներկայումս քննություն է գնում: Այս գործընթացները, գործարանի տնօրենի խոսքով, երկարացնում են պարտքի մարման գործընթացը։

Նշենք նաև, որ այս տարվա հոկտեմբերին «Վինար» ՍՊ ընկերության փոխտնօրեն Ավետիս Դավիթի Գալստյանը ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով ներգրավվել էր որպես մեղադրյալ:

Ռոբերտ Մակարյանը նաև անդրադարձավ այս տարվա խաղողի մթերման հետ կապված վիճակագրությանը: Նշեց, որ ընթացիկ տարում մթերումների դիմաց 90 տոկոսով վճարումները կատարվել են: «Մնացել են մի քանի ընկերություններ, որոնք մինչև այս տարվա վերջ կամ մյուս տարվա ապրիլի 1-ը կիրականացնեն վճարումները»,- ասաց նա:

«Վինար» ընկերությունը կվճարի Արարատի մարզի գյուղացիներին իրենց պարտք մնացած 34 միլիոն դրամը. Ռոբերտ Մակարյան