Անարգանքի սյունին կգամեմ այն հաստատությանը, որտեղ կտեսնեմ հայատյաց Սաակաշվիլու գիրքը. Շիրակ Թորոսյան
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայատյաց քաղաքական գործիչ է, որի օրոք արգելվեց Հայաստանից Վրաստան տպագիր նյութերի տեղափոխումը:
Tert.am –ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը՝ արձագանքելով վրացական մամուլում տեղ գտած որոշ կարծիքներին, թե Երևանում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու գրքի շնորհանդեսի չեղարկումը թելադրված է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան կողմից:
«Ես ի սկզբանե շատ վրդովվեցի, երբ իմացա, որ այդ գիրքը թարգմանվել է հայերեն և իմացա, որ այդ գրքի շնորհանդեսն ուզում են Հայաստանում անել: Դա վիրավորական է մեզ համար, որովհետև Սաակաշվիլին այն մարդն է, ով սկզբնավորեց, հիմք դրեց այն քաղաքականությունը, որ Հայաստանից Վրաստան` բնականաբար Ջավախք, որևէ տպագիր նյութ՝ գիրք, ամսագիրք, թերթ, անգամ՝ բուկլետ չպետք է գնա: Եվ անթույլատրելի եմ համարում, որ նման մարդուն առնչվող նյութ հերիք չի թարգմանվի, դեռ մի բան էլ դրա շնորհանդեսը լինի» ,-ասաց ԱԺ պատգամավորը:
Նա հայտարարեց, որ եթե որևէ հաստատությունում՝ թանգարանում, գրախանութում, ինստիտուտում կամ այլուր տեսնի նման գիրք, ապա անարգանքի սյունին կգամի այդ հաստատության ղեկավարին:
Հիշեցնենք, որ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը չեղարկեց Միխեիլ Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք» ինքնակենսագրական գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը և տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը հայտնել էր, թե սրահի վարձակալության պայմանագիրը չի կնքվել տեխնիկական խնդիրների պատճառով:
Հավելենք, որ վրացի գրող, պրոֆեսոր Օլեգ Կանփիլովը «Ռուսթավի2» հեռուստաընկերության հետ զրույցում ասել էր, որ Երևանում Միխեիլ Սաակաշվիլիի գրքի շնորհանդեսի չեղարկումը քաղաքական բնույթ ունի ու ավելացրել. «Հայաստանում կա մի զանգված , որը Պուտինի և Ռուսաստանի դեմ ակցիաներ է անում և Վրաստանում տեղի ունեցած փոփոխությունները նրանց դուր է գալիս: Կարծում եմ ՀՀ իշխանությունները պարզապես արգելել են այդ գրքի շնորհանդեսը, ինչը որոշվել է Ռուսաստանի դեսպանատան կողմից, այստեղ, կարծում եմ, ընդդիմությունն անելիք ունի»:
Ի պատասխան՝ Շիրակ Թորոսյանը արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է, որն իր որոշումները կայացնում է ինքնուրույն:
Մյուս կողմից, Հայաստանում՝ Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Թուրքմենբաշու գրքի շնորհանդեսը: Արդյո՞ք սա աբսուրդ չէ:
Ի պատասխան՝պատգամավորը նշեց, որ համեմատությունն անտեղի է:
«Եվ թող այդ մարդիկ իմանան, որ Սաակաշվիլու հետ կապված որևէ լավ բան չի կարող լինել, որովհետև նա իր ողջ էությամբ եղել է հակահայ և իր ողջ թիմով՝ հայատյաց: Թուրքմենբաշու գործունեության մեջ որևէ հայատյացության տարր չեմ տեսել և այո, կարող է նրա գիրքն այստեղ հրապարակվել: Բայց ոչ երբեք Սաակաշվիլու»,–,մեկնաբանեց Շիրակ Թորոսյանը:
Վերջինիս խոսքով՝ սա պարզապես ազգային արժանապատվության խնդիր է:










