«Ծառուկյան դաշինքը դեմ չէ «Ելքի»՝ թանկացումների թեմայով արտահերթ նիստ գումարելու առաջարկին

11:14 • 06.02.18

«Ելք» խմբակցությունն առաջարկում է փետրվարի 16-ին հրավիրել արտահերթ նիստ՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու առաջարկով:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, թե արդեն երկար ժամանակ ՀՀ-ում լայն սպառման ապրանքները թանկանում են, և դա մեծապես կախված է Հարկային օրենսգրքի փոփոխություններից:  Ըստ այդմ էլ նա առաջարկեց փետրվարի 16-ին՝ ժամը 11:00-ին հրավիրել արտահերթ նիստ՝ Հարկային օրենսգրքում մի շարք փոփոխություններ անելու համար:

Խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ նախաձեռնության համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն և կոչ արեց այն պատգամավորներին, ովքեր պատրաստ են ստորագրել, այդ մասին ասել:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ հայտնեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը ևս միանում է «Ելք»-ի նախաձեռնությանը։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ կատակեց. «Աչքներս լույս, հերթական արտահերթն է լինելու»: