«Նրանց գործն է». Թուրքիայի փոխարտգործնախարարը մեկնաբանել է Հայ-թուրքական արձանագրություններից հայկական կողմի հրաժարվելը

13:07 • 16.03.18

Ցյուրիխյան արձանագրություններն ավելի ձեռնտու էին Հայաստանին, քան Թուրքիային։ Այդ մասին ԱՊԱ գործակալությանն ասել է Թուրքիայի փոխարտգործնախարար Ահմեթ Յըլդըզը:

«Չնայած նրան, որ Թուրքիայի և Հայաստանի միջև Ցյուրիխյան արձանագրություններն ուժի մեջ չեն մտել, ընտրություններից առաջ հայկական կողմի այդ քայլը հաճելի չէր»,- ասել է Թուրքիայի փոխարտգործնախարարը՝ պատասխանելով 2009 թվականին Հայաստանի և Թուրքիայի միջև Ցյուրիխում ստորագրված արձանագրություններից հրաժարվելու վերաբերյալ հարցին:

Փոխնախարարը հավելել է, թե «այդ պայմանագիրն ավելի ձեռնտու էր Հայաստանին, քան Թուրքիային»:

«Նրանց գործն է: Միևնույն է՝ այս բոլոր տարիներին նրանք ցանկություն չեն դրսևորում կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այդկերպ նրանք ևս մեկ անգամ ցուցադրում են իրենց դիրքորոշումը»,- հայտարարել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ մարտի 1-ին ՀՀ նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին։
 
Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրությունները նախաստորագրվել էին 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Ստորագրված արձանագրությունները պետք է վավերացվեին 2 երկրների խորհրդարանների կողմից, համաձայն փաստաթղթի՝ «ողջամիտ ժամկետներում»։

Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը և հրաժարվելով «ողջամիտ ժամկետներում» և առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից, Ազգային Մեծ ժողովում արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ:

2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի դիրքորոշմամբ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՀՀ իշխող կոալիցիոն ուժերի քաղաքական խորհրդի համատեղ դիմումը, արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցվեց` համաձայն ՀՀ նախագահի հրամանագրի: 

2015թ. փետրվարի 16-ին ՀՀ նախագահի հրամանագրով հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչվեցին Ազգային ժողովից: